Քենիայի նախագահ Ուիլյամ Ռուտոն քննադատել է գլոբալ վարկային համակարգը՝ հայտարարելով, որ այն «անարդարացի է, պատժիչ եւ բոլորին արդարացի շանս չի տալիս»։
Ռուտոն հարցազրույց է տվել AFP-ին Փարիզի երկօրյա գագաթաժողովի շրջանակում, որի նպատակն է վերակառուցել միջազգային ֆինանսական կարգը՝ ավելի լավ օգնելու համար զարգացող երկրներին աղքատության դեմ պայքարում։
Քենիայի նախագահի խոսքով՝ ներկայում աղքատ երկրները ստիպված են վճարել ութ անգամ ավելի շատ տոկոսադրույքներ, քան հարուստները, որովհետեւ նրանք ռիսկային են համարվում։
«Ոմանք չեն ուզում այնպիսի մեխանիզմներ, որտեղ մարդիկ հավասար են, նրանք ցանկանում են, որ մենք շարունակենք այն խոսակցությունը, որտեղ մենք օգնություն ենք փնտրում։ Մենք հոգնել ենք այս պատմությունից, որն աֆրիկացիներին կլիմայի փոփոխության զոհ է ներկայացնում, որը ողորմություն է փնտրում եւ դժգոհում է,- ասել է նա։- Մենք չենք ցանկանում օգնություն փնտրել։ Մենք ցանկանում ենք մասնակցել խնդրի լուծմանը»։
Քենիայի նախագահը հայտարարել է, որ ցանկանում է մասնավոր ներդրումներ ներգրավել օգնության փոխարեն, բայց նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի բարեփոխում է պահանջում։
Նա կողմ է միջազգային հարկեր մտցնելուն նավագնացության, ավիացիայի եւ ֆինանսական գորոծղությունների համար։
Քենիան տարեկան 10 մլրդ դոլար է վճարում իր պարտքի սպասարկման համար։
«Եթե մենք դրանք օգտագործենք երկրի զարգացման համար, դա տեղի կունենա անմիջապես, դրանք մեծ ռեսուրսներ են, եւ դա հսկայական ազդեցություն կունենա»,- ասել է Ռուտոն։
Դրան կարելի է հասնել, եթե պարտքը միջազգային վարկատուներին, ներառյալ ՀԲ-ն եւ ԱՄՀ-ն, վերակառուցվի 50-ամյա վարկային գծի՝ 20-ամյա արտոնյալ ժամանակով։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գագաթաժողովում ասել է, որ համաշխարհային ֆինանսական համակարգին ցնցում է հարկավոր, քանի որ «երկրները երբեք չպետք է ընտրություն կատարեն աղքատության կրճատման եւ մոլորակի պաշտպանության միջեւ»։
Արեւմտյան երկրները մինչեւ հիմա չեն կատարել 100 մլրդ դոլար հատկացնելու իրենց 2020թ. խոստումը՝ որպես ամենամյա օգնություն, որպեսզի օգնեն զարգացող երկրներին բնապահպանական նորմերի բերել իրենց տնտեսությունը եւ բարձրացնել կայունությունն ապագա կլիմայական փոփոխություններին ընդառաջ։
Խոստումը չկատարելը խաթարել է վստահությունը զարգացող եւ հարուստ երկրների միջեւ Դուբայում այս տարվա COP28 կլիմայական գագաթաժողովի նախօրեին։
Որոշ աֆրիկյան ղեկավարներ նշել են, որ արեւմտյան տերություններն արագ միլիարդավոր դոլարներ են հատկացրել Ուկրաինային ռուսական զորքերի մտնելուց հետո, այն դեպքում, երբ դանդաղում են կլիմայական փոփոխության խնդիրը լուծելու հարցում։





























