Ակտիվ մարտական գործողությունները ճակատում կշարունակվեն առաջիկայում։ Ամռան կեսին կտրվի Ռուսաստանի հնարավորությունների գնահատականը։ Այս մասին «РБК-Україна»-ի հարցազրույցում ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Վադիմ Սկիբիցկին։
«Ամբողջ տարվա համար կանխատեսում չենք անի։ Ասեմ այսպես. առաջիկա 2-3 ամսում կլինեն ակտիվ մարտական գործողություններ։ Ինչպես հարձակողական, այնպես էլ պաշտպանական բնույթի, որովհետեւ մեր ռազմավարական նպատակը եւ նպատակը մեր բոլոր տարածքների ազատագրումն է»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ռուսական զորքերը փորձելու են, այնուամենայնիվ, կատարել առաջադրանքները, «որպեսզի ասեն՝ ավարտել են արդյոք իրենց հատուկ ռազմական գործողությունը, թե ոչ»։
«Այնուամենայնիվ, մենք կողմնորոշվում ենք ամռան կեսով՝ կհաջողվի՞ արդյոք հակառակորդին կատարել արդիականացման, վերախմբավորման, նոր միավորումների, զորամասերի կազմավորման իր պլանները, եւ ինչպե՞ս նրանց մոտ տեղի կունենա բարեփոխումը»,- ասել է Սկիբիցկին։
Նա նշել է, որ ռուսական հրամանատարությունն արդեն պաշտոնապես հայտարարել է բարեփոխման, Լենինգրադի եւ Մոսկվայի ռազմական օկրուգների վերականգնման մասին։
«Դրանից հետո կարելի կլինի գնահատել Ռուսաստանի Դաշնության հնարավորությունները եւ կանխատեսել Ռուսաստանի գործողությունների հնարավոր բնույթն արդեն աշնանը-ձմռանը»,- ավելացրել է պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալը։





























