Հոլիվուդյան պրոդյուսեր Արնոն Միլչանը կիրակի ցուցմունքներ է տալու Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի կոռուպցիոն գործունեության վերաբերյալ գործով դատավարության ժամանակ, որպեսզի պատասխանի Միլչանի անձնական և գործնական կարիքներին օգնելու դիմաց  իսրայելական առաջնորդին և նրա կնոջը շամպայնի և սիգարի ենթադրյալ «մատակարարման գծի» վերաբերյալ հարցերին, տեղեկացնում է   The Associated Press-ը։

Միլչանը, որը տեսակապով է ելույթ ունենալու Անգլիայից, որտեղ բնակվում է, առանցքային վկա է, որի ցուցմունքները կարևոր են դատախազների համար, որոնք փորձում են ապացուցել, որ Նաթանյահուն խարդախություն և վստահության չարաշահում է իրականացրել իր դեմ հարուցված երեք գործերից մեկում։

Մեղադրական եզրակացության համաձայն, Միլչանը, որի ֆիլմագրաֆիայում այնպիսի հիթեր են, ինչպիսիք են «Սիրունիկը» և «Ստրկության 12 տարին», մի քանի տարիների ընթացքում Նաթանյահուին և նրա կնոջը սիգարի տուփեր և շամպայնի արկղեր է նվիրել, ինչպես նաև մոտ 200 000 ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի ոսկերչական իրեր, այն, ինչ մեղադրական եզրակացության մեջ նշվում է որպես շքեղ նվերների «մատակարարման գիծ»։

Ըստ մեղադրական եզրակացության, Նաթանյահուն օգնել է Միլչանին երկարացնել ԱՄՆ վիզան՝ իր ազդեցիկ դիրքը և դիվանագիտական կապերն  օգտագործելով, որոնց թվում է նախկին պետքարտուղար Ջոն Քերին։ Դատախազները Նաթանյահուին մեղադրում են նաև այն օրենքն առաջ տանելու մեջ, որով Միլչանը միլիոնների հարկային արտոնություններ կունենար։