ԱՄՆ-ի Առափնյա պահպանությունը սկսել է Ատլանտյան օվկիանոսում «Տիտան» բաթիսկաֆի անհետացման վերաբերյալ պաշտոնական հետաքննությունը: Այս մասին Առափնյա պահպանության ներկայացուցիչներն ասել են մամուլի ասուլիսի ժամանակ։

Կոնտր ծովակալ Ջոն Մոհերը հայտարարել է, որ Առափնյա պահպանությունը պաշտոնապես ձեւավորել է բաթիսկաֆի անհետացումը եւ այնտեղ գտնվող հինգ մարդկանց մահը հետաքննող հանձնաժողով։ Հանձնաժողովը կգլխավորի կապիտան Ջեյսոն Նյուբաուերը։

Նյուբաուերի խոսքով՝ հետաքննության արդյունքներից հետո հանձնաժողովը կարող է իշխանություններին խորհուրդ տալ «քաղաքացիական կամ քրեական սահմանափակումներ» կիրառել։ Հետաքննությունը պետք է պարզի միջադեպի կոնկրետ մեղավորներին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կանադայի Տրանսպորտի անվտանգության խորհուրդը սկսել է «Տիտան»  բաթիսկաֆի անհետացման հետաքննությունը։ Գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ այն սկսում է «այս գործողության հանգամանքների վերաբերյալ անվտանգության հետաքննություն», քանի որ «Տիտանի» վերգետնյա օժանդակ նավը՝ Polar Prince-ը, Կանադայի դրոշով է եղել: