Մովսես Հակոբյանը ամպագոռգոռ հայտարարություններ անելու փոխարեն թող գա քննիչ հանձնաժողով և ներկայացնի այն ամբողջ տեղեկատվությունն ինչին տիրապետում է։ Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նա հետաքրքրվեց՝  արդյոք Մովսես Հակոբյանը պատասխանել է՝ մասնակցելո՞ւ է քննիչ հանձնաժողովի հետագա նիստերին, թե՝ ոչ։

Անդրանիկ Քոչարյանը հավելեց, որ արդեն որերորդ անգամ հրապարակային հրավիրում են Մովսես Հակոբյանին մասնակցելու քննիչ հանձնաժողովին, սակայն, նա այդպես էլ չի արձագանքում։

«Ուշադիր հետևել է և պատասխանել է այն հատվածներին, որը վարչապետը հանրայնացրել է, բայց չէ՞  որ ինքը ասելիք ունի այդ և այլ դրվագների մասին։ Քննիչ հանձնաժողովը շատ կցանկանար, որ ինքն այդ մասին ասել»,- կարևորեց նա։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքերը քննող հանձնաժողովի նիստին նաև հայտարարել էր, որ ԼՂ 7-րդ պաշտպանական շրջանը էվակուացնել՝ զորքերը դուրս բերելու «ռեկոմենդացիան» տվել է Մովսես Հակոբյանը։

Վարչապետը նաև նշել է, որ առ այսօր չիպարզել, թե ինչու էր նման առաջարկ արվում։ Հանձնաժողովի նիստում ևս մեկ անգամ Մովսես Հակոբյանին հրավիրեցին հանձնաժողովին մասնակցելու։

Նշենք, որ NEWS.am-ի հետ զրույցում Մովսես Հակոթբյանը նշել էր. «Ես իրեն չեմ լսում, եթե նման բան է հայտարարել, դա հանցագործություն է՝ պետական դավաճանության հոդվածով։ Այդ պարագայում ինձ պետք է ձերբակալեին»: