Վերաքննիչ քաղաքացիական դատարանում, հոկտեմբերի 6-ին, ժամը 14.00-ին, թիվ 321 դահլիճում տեղի կունենա Սեդրակ եւ Բելա Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ հայցվորները պահանջում են հերքել իրենց պատիվը, արժանապատվությունը եւ բարի համբավն արատավորող տեղեկությունները եւ հատուցել 6մլն. դրամի վնասը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը այն մասնակի էր բավարարել` միայն 3 մլն-ի մասով: Երկու կողմերն էլ վերաքննիչ բողոք են ներկայացրել:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դատական հայց է ներկայացրել «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի դեմ` պարբերականին մեղադրելով  քոչարյանների բարի համբավը արատավորելու մեջ: Քոչարյանների ընտանիքը 6 մլն դրամի փոխհատուցում է պահանջում օրաթերթից՝ 3 մլն–ը դատական ծախսերի համար, իսկ մյուս 3 մլն-ը՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում` , օրաթերթում տպագրված «Ադամանդե Ռոբ», «Վոլվո+սպայկա հավասար է Սեդրակ Քոչարյան» եւ «Արյունը Քոչարյանից, կայֆը Ծառուկյանից, հակացնցումը Լֆիկից» հոդվածների համար։

Ռոբերտ Քոչարյանը թերթում տպագրված այս հոդվածների վերաբերյալ պահանջել էր հերքում, որոնք, թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի հավաստմամբ, տպագրվել են: Սական, ըստ խմբագրի, հերքման տեքստերի հետ դրված հիշեցումները, որոնցում կրկին վերաշարադրվել է հրապարակման բովանդակությունը, Քոչարյան ընտանիքը համարել է իր բարի համբավին հասցված կրկնակի վնաս:

Թերթի խմբագիր Արման Բաբաջանյանը հայցը անկախ լրատվամիջոցին ֆինանսապես ճնշելու փորձ է գնահատում: