Առնվազն 11 մարդ է մահացել Ուեբ շրջանում (Տեխաս նահանգ, ԱՄՆ) գերտաքացման հետ կապված բարդությունների պատճառով, անոմալ շոգը նկատվում է նաեւ այլ նահանգներում, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով շրջանի դատաբժշկական փորձագետ Քորին Սթերնին։
Սթերնի խոսքով՝ վերջին ութ օրերի ընթացքում մահվան դեպքեր են գրանցվել, մահացածների թվում 60-80 տարեկան մարդիկ են։ Նա ընդգծել է, որ խոսքը գնում է միայն ԱՄՆ-ի քաղաքացիների շրջանում գրանցված մահերի մասին, սակայն նշվում է, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում շոգից մահացություն է նաեւ գրանցվել միգրանտների շրջանում։
Սթերնը բնակիչներին հորդորել է խուսափել ջրազրկումից եւ հետեւել ընտանիքի անդամներին, ընկերներին եւ հարեւաններին, որոնք կարող են լուրջ չվերաբերվել տիրող եղանակային պայմաններին:
CNN-ը նշում է, որ նախօրեին Տեխասում էլեկտրաէներգիայի սպառումը հասել է ռեկորդային բարձր մակարդակի՝ տեղական ժամանակով ժամը 18:00-ին այն կազմել է 80828 մեգավատ։ Սա գերազանցել է նախորդ ռեկորդը՝ 80,148 մեգավատը, որը սահմանվել էր 2022 թվականի հուլիսի 20-ին։
Նշվում է, որ Տեխասում ջերմաչափը գերազանցում է 37 աստիճան Ցելսիուսը, իսկ նահանգի որոշ շրջաններում ջերմաստիճանը հասել է 43 աստիճանի։ Սպասվում է, որ շոգի ալիքը կտարածվի նահանգի հյուսիսում եւ արեւելքում։ Նշվում է, որ առաջիկա վեց օրվա ընթացքում ջերմաստիճանի ցուցանիշները կարող են գերազանցել ավելի քան 150 ջերմային ռեկորդը։
Վտանգավոր եղանակային պայմանների մասին ծանուցումները տարածվել են նաեւ Կոլորադոյի եւ Կալիֆոռնիայի որոշ մասերում: Սպասվում է, որ Կալիֆոռնիայում շոգի առավելագույն ալիքը կգրանցվի ուրբաթ եւ շաբաթ օրերին՝ հասնելով 43 աստիճան Ցելսիուսի:
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ ԱՄՆ-ում ամեն տարի ավելի քան 600 մարդ է մահանում սաստիկ շոգի պատճառով։





























