Գետնի տակից ջուրը հորդում է աղբյուրի պես։ Թափանցիկ ջրում արտացոլվում են ծառերի գագաթները, իսկ հատակին երեւում են քարերը։

Ոչ, սա անտառային լճի նկարագրություն չէ։ Սա մի մեծ ջրափոս է, որը գոյացել է  մի քանի շաբաթ առաջ Երեւանի բակերից մեկում։

Գեղատեսիլ ջրափոսը, որը չափերով հավակնում է ոչ մեծ լճակի, գտնվում է մայրաքաղաքի Մալաթիա շրջանի Անդրանիկի փողոցի 81 եւ 85 շենքերի միջեւ։ Բնակիչները բոլորովին ուրախ չեն դրա գոյությունից եւ արդեն զանգահարել են բոլոր հնարավոր ատյաններին, որոնք կարող են ջրափոսի առաջացման, ավելի ճիշտ՝ դրա վերացման մասնակից լինել։

Տների բնակիչները հավաստիացնում են, որ վնասվել է ջրի խողովակը, եւ խմելու ջուրն է հոսում։ Տրամաբանական է, որ բնակիչներն առաջին հերթին դիմել են «Վեոլիա» ընկերությանը։ Առաջին դիմումին ի պատասխան ասվել է, որ դա իրենց գործը չի։ Երկրորդ դիմումին խոստացել են, որ անհապաղ կղբաղվեն հարցով, իհարկե, չեն ճշտել, թե ինչ է նշանակում անհապաղ...

Էլ ավելի վաղ բնակիչները դիմել էին շրջանի վարչություն, եւ մինչ այժմ որեւէ արդյունք նույնպես չկա։

Մինչդեռ, շրջանում արդեն մի քանի անգամ գրանցվել են ընդերքի նստելու դեպքեր, եւ ջրի երկարատեւ հոսքը վնասված խողովակից հարեւան տների վնասման մեծ ռիսկ է պարունակում։