Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով, հայտնի ավազակախմբի անդամների նկատմամբ մեղադրանքը մեղադրողը հիմնավորված է համարել։
Գլխավոր դատախազության կայքում հրապարկվել է մեղադրողի 74-էջանոց մեղադրական ճառը, որն ուղղված է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին:
Հիշեցնենք, որ 2009թ. մայիսի 23-ին ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձ իրականացնելու համար անհայտ անձինք փորձել էին Երեւանի Տերյան փողոցի 19 շենքի բակում գտնվող կիսակառույց շենքի ամրանի վրա տեղադրել ինքնաշեն հեռակառավարվող պայթուցիկ սարք` ուղղորդված պայթյուն իրականացնելու համար:
ՀՀ ԱԱԾ մարմինների եւ ՀՀ Ոստիկանության համատեղ իրականացված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել, հայտնաբերվել եւ կալանավորվել էին հանցագործության անմիջական կատարողներն ու մասնակիցները, թվով 8 անձ, որոնց թվում նաեւ հանցավոր խմբի պարագլուխ` «Մուսկուլ Գագո» մականվամբ Երեւանի բնակիչ Գագիկ Գաբրիելի Մաթեւոսյանը, ով 1992-1997 թթ. ծառայել է ՆԳ նախարարության ներքին զորքերի «Չղջիկներ» անվանումը ստացած հատուկ նշանակության ստորաբաժանումում որպես հրամանատարի տեղակալ: Վերջինիս բնակարանի եւ ավտոտնակի խուզարկությամբ, բացի գործով անցնող իրեղեն ապացույցներից, հայտնաբերվել եւ առգրավվել է աննախադեպ քանակությամբ զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր, հեռակառավարվող պայթուցիկ սարքեր: Գ. Մաթեւոսյանի տանը կից կառույցում հայտնաբերվել էր նաեւ ընդհատակյա քիմիական լաբորատորիա, որտեղից առգրավված բազմատեսակ քիմիական նյութերն օգտագործվել են պայթուցիկ սարքեր եւ թունավոր նյութեր պատրաստելու համար:
Հետագա օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ վերոնշյալ հանցագործության պատվերը Երեւանի բնակիչ Ռաֆայել Սուրենի Մասումյանի միջոցով տվել է ՀՀ Մաքսային կոմիտեի նախկին աշխատակից Ռոբերտ Ալբերտի Երիցյանը՝ դրա դիմաց վճարելով 150 000 ԱՄՆ դոլար:
Մինչ հանցավոր խմբի անդամների կալանավորելը Ռ. Մասումյանը դիմել էր փախուստի եւ թաքնվել էր Վրաստանի տարածքում:
Վրաստան մեկնած ՀՀ ԱԱԾ օպերատիվ խմբի եւ տեղի հատուկ ծառայությունների համատեղ իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում Թբիլիսիի օդանավակայանում Վիեննա մեկնելիս Ռ. Մասումյանը ձերբակալվել եւ կալանավորվել էր:
Ռոբերտ Ալբերտի Երիցյանի նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում։
74 էջանոց մեղադրական եզրակացությունում, մեղադրող կողմը դատարանին առաջարկել է 6 մեղադրյալների նկատմամբ կայացնել 7-15 տարվա ազատազրկման որոշումներ: Մասնավորապես, ամբաստանյալ Գագիկ Գաբրիելի Մաթեւոսյանին ազատազրկել 15, Ռաֆայել Սուրենի Մասումյանին` 14, Արտակ Հովհաննեսի Ղուկասյանին` 11, Վազգեն Ստեփանի Կարապետյանին` 13, Արայիկ Էդիկի Ոսկանյանին` 12 եւ Գրիգոր Համբարձումի Գրիգորյանին` 7 տարվա ազատազրկման:




























