Ցավոք սրտի, Ռուսաստանը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջեւ.  վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ երկիրը ներսում ունի այնպիսի  խնդիրներ, որ եթե չգնա լրջագույնս բարեփոխումների, երկրորդ, երրորդ նմանատիպ հարվածը կարող է չտանել: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

«Դրա համար նրանք պետք է հասկանան, որ ինչքան էլ ռեֆորմները ծանր են, ինչքան էլ բարդ է իրականացնել, երբ ընթանում են ռազմական գործողություններ, դրանք անխուսափելի են: Պետք է հասկանան, որ հին  ձեւերով երկիրը կառավարել չի լինի:

Եթե զուգահեռներ անցկացնենք Հայաստանի հետ, դեռեւս 2016-ին ես մի քանի անգամ բացատրել եմ, որ Հայաստանին տրված է վերջին նախազգուշացումը, այսինքն, Հայաստանը պետք է գնա ներսում լրջագույն քաղաքական ու ռազմական բարեփոխումների: Ցավոք սրտի, այդ ժամանակվա իշխանությունները զբաղված էին ամեն ինչով, այդ ռեֆորմներին գնալու փոխարեն: Արդյունքը եղավ ծանր ե՛ւ իրենց համար 2018-ին, ե՛ւ երկրի համար 2020-ին: Հիմա Ռուսաստանն էլ նման մի իրավիճակում է»,-հայտարարեց Կիրվիրյանը:

Նա հիշեցրեց, որ արդեն ռազմական խռովությունը անցնելուց հետո Պրիգոժինը հայտարարել էր, թե մենք այս գործողություններով մերկացրեցինք ներքին խնդիրները. «Եթե մի ռազմական խմբավորում կարողանում է կես օրում անցնել ավելի քան 700 կմ եւ կանգնել Մոսկվայի մատույցներում, սա լրջագույն խնդիր է:

Ընդ որում, այն, ինչ ցույց էր տրվում, օպերացիայի երեւացող մասն էր՝ Ռոստովի գրավումը, Մոսկվայի մատույցներին մոտենալը: Իսկ հիմնական հարվածն այն է, որ խմբվորումներից մեկը՝ հիմնական հրամանատարի՝ Դմիտրի Ուտկինի գլխավորությամբ արդեն մտնում էր Բորիսագլեբովսկ-45 քաղաքը, որտեղ գտնվում է ատոմային զենքը: Իրենց մնացել էին հաշված ժամեր, որ տիրանան ատոմային զենքին:

Չնայած այդ ռազմական խռովությունը տապալվեց, բայց ակնհայտորեն ՌԴ-ում տեղի ունեցավ պետական հեղաշրջում: Պետական հեղաշրջումը միայն այն չէ, որ փոխվում է երկրի ղեկավարը: Եթե դա իշխանության ներսում բերում է լրջագույն փոփոխությունների, արդեն պետական հեղաշրջում է: Ռուսաստանը միանձնյա ղեկավարվող երկիր չէ, իրականում Պուտինն ապահովում է երկրի ներսում քաղաքական էլիտաների կոնսենսուսը՝ այսպես կոչված կրեմլյան գմբեթներին: Ակնհայտորորեն այս պրոցեսները հանգեցնելու են նրան, որ կրեմլյան գմբեթներում տեղի ունենան  կտրուկ փոփոխություններ: Օրինակ, Շոյգուն, Գերասիմովը գուցե ֆորմալ պահպանեն իրենց պաշտոնները, բայց այն իրական իշխանությունը, որ իրենք ունեին մինչ այս, էլ երբեք չեն ունենա»,-ընդգծեց քաղաքական վերլուծաբանը:

Մոսկվան, ըստ նրա, դեռ ունի ժամանակ, որ երկրում իրականացնի լայնածավալ ռեֆորմներ. «Ընդ որում, իրենք էլ ունեն այն նույն խնդիրը, որը չիրականացրեցինք մենք՝ պատերազմ վարելու առումով: Ակնհայտորեն ՌԴ-ում այսօր ամբողջ պետությունը չի վարում պատերազմ, անգամ չեն ընդունում, որ դա պատերազմ է: Ակնհայտ է, որ հատուկ ռազմական գործողությունը չի կարող երկրի համար ապահովել հաղթանակ, կամ երկիրը պետք է դնես պատերազմական ռելսերի վրա, ինչպես 202-ին Նիկոլ Փաշինյանը դա պետք է աներ:

«Վագները» հեռացավ երկրից, հեռացավ իրենց լավագույն ռազմական միավորումը, եւ դրանով երկրում խախտվեց հակազդեցությունների, հակակշիռների մեխանիզմը: Փաստորեն Ռուսաստանում մնաց «Վագներին» հավասարազոր եւս մի կառույց, դա «Ահմադն» է, չեչենական կազմավորումները, որոնց թվաքանակն ավելի մեծ է, քան «Վագներինը»: Խոսքը ավելի քան 35-40 հազար զինյալների մասին է:

Ընդ որում, եթե «Վագներում» սլավոնական ազգայնականներ էին, այստեղ մարդիկ են, որոնք հոգու խորքում ատում են Ռուսաստանը: Եթե դու երկու մեծ խաղացողներից մեկին հեռացնում ես, դու դառնում ես մյուսի պատանդը»,-իր խոսքն ամփոփեց Արգիշտի Կիվիրյանը: