Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ, ինչպես նաեւ գիտության ու կրթության բնագավառներում ունեցած ակնառու նվաճումների համար պարգեւատրել է մի շարք մանկավարժների: NEWS.am-ին Կառավարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ՀՀ ԳԱ մեխանիկայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, պրոֆեսոր Մելս Բելուբեկյանին պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի», Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Շուշանիկ Ափոյանը` «Մովսես Խորենացի» մեդալնելով: ԵՊՀ գրականության տեսության եւ գրաքննադատության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Ժենյա Քալանթարյանին շնորհվել է գիտության վաստակավոր գործչի կոչում, իսկ  հանրապետության մի խումբ մանկավարժներ կրթության բնագավառում ունեցած մեծ վաստակի համար արժանացել են վաստակավոր մանկավարժի կոչման: Հանրապետական մրցույթի «Տարվա լավագույն ուսուցիչ» ճանաչված Լոռու մարզի Վանաձորի Բնագիտական եւ մաթեմատիկական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Նաիրա Հարությունյանին  եւ «տարվա լավագույն դաստիարակ» անվանակարգում հաղթած Երեւանի  թիվ 25 մանկապարտեզի դաստիարակ Նարինե Սահակյանին Կառավարության ղեկավարը անձամբ է հանձնել  «Շեվրոլե Ավեո» մակնիշի ավտոմեքենաների բանալիները: «Տարվա լավագույն տնօրեն» անվանակարգում հաղթող ճանաչված Լոռու մարզի Ստեփանավանի ավագ դպրոցի տնօրեն Սեդա Թունյանին հանձնվել է համակարգչային տեխնիկա: Պարգեւատրման հանդիսավոր արարաղությանը մասնակցել են նաեւ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավորներ, մարզպետներ, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական եւ միջազգային  կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանրապետության մարզերի, մայրաքաղաքի կրթության բնագավառի ներկայացուցիչներ, մանկավարժներ, գիտության, մշակույթի անվանի գործիչներ: