«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր` հոկտեմբերի 5-ին, այցելել է Գյումրի, որտեղ ԲՀԿ նոր գրասենյակ է բացել, նաեւ պատասխանել լրագրողների որոշ հարցերի:

Նա նշել է, որ իր Գյումրի այցելության հիմնական նպատակը Օլիմպիական հերթափոխի կոլեկտիվին ու մարզի ուսուցիչներին իրենց օրվա առթիվ շնորհավորելն է:

Նա խուսափել է քաղաքական  բնույթի հարցերից, պատճառաբանելով, թե օրն այսօր տոնական է: NEWS am-ի թղթակցի հարցին, թե ինչո՞ւ է ԲՀԿ-ն որոշել նոր գրասենյակ բացել Գյումրիում, արդյոք սա նշանակում է, որ կուսակցությունը փորձ է անում ամրացնե՞լ իր դիրքերը Շիրակի մարզում, ԲՀԿ նախագահը պատասխանել է. «Ամենեւին էլ իմ այստեղ գալը գրասենյակ բացելը չէ, ես եկել եմ, որ գյումրեցի ուսուցիչներին շնորհավորեմ, դա իմ պարտքն եմ համարում, ու քանի որ այսօր որոշել են գրասենյակ բացել, ես որոշեցի ներկա գտնվել: Ինչ մնում է գրասենյակին, անհրաժեշտ էր լավ պայմաններ, որ լավ աշխատեն, որ շփումը քաղաքացիների հետ ավելի արդյունավետ լինի: Որ բացատրեն մեր կուսակցության խնդիրներն ու նպատակները»:

Հարցին, թե ի՞նչ կտա Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձը քաղաքականություն, որի շուրջ ինքը մի քանի օր առաջ կարծիք էր արտահայտել, Ծառուկյանն ընդհատել է հարցն ասելով. «Այսօր տոն է, նման բաներից չենք խոսում…»:

Վերջում ԲՀԿ-ի Շիրակի մարզային ակտիվի հետ փակ խորհրդակցություն է անցկացվել եւ հանդիպում կազմակերպվել մանկավարժների հետ Գյումրիի դրամատակական թատրոնում: