ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այցելությունը Գյումրի, ավելի քան մեկ ժամով կաթվածահար է արել քաղաքի երթեւեկությունը:
Մասնավորապես, Գյումրիի Մանուշյան փողոցում, ուր ԲՀԿ-ն նոր գրասենյակ է բացել, այն երկու կողմից փակ է եղել: Նորակառույց գրասենյակի դիմաց խմբվել են ուսանողներ եւ սոցիալապես անապահով գյումրեցիներ: Գյումրեցի ԲՀԿ-ականներն ամեն կերպ փորձել են ցրել բազմությունը, հեռացնել գրասենյակի դիմացից , որպեսզի չմոտենան իրենց առաջնորդին, սակայն մարդկանց հոծ բազմությունը շրջանցել ամեն դեպքում հնարավոր չի եղել:
ԲՀԿ-ի նոր գրասենյակի դիմաց Գագիկ Ծառուկյանը սկսել է գումարներ բաժանել:
Սկզբում, Գ. Ծառուկյանը եղել է Օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում, շնորհավորել հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ: Գյումրիի օլիմպական հերթափոխի մարզադպրոցում, ուր ԲՀԿ-ն մեծ ընտրազանգված ունի, մանկավարժներն ու աշակերտները դպրոցի բակում փուչիկներով ու դրոշներով են դիմավորել ԲՀԿ նախագահին: Մինչեւ Ծառուկյանի ժամանումը դպրոցի բակում խմբվել են նաեւ մարզի ԲՀԿ ակտիվը: Գագիկ Ծառուկյանին Գյումրիում ուղեկցել են ԲՀԿ-ական պատգամավորներից Մարտուն Գրիգորյանն ու ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը:
Ծառուկյանը շնորհավորել է Օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի կոլեկտիվին դպրոցի հիմնադրման 25 -ամյակի կապակցությամբ՝ առանձնակի շեշտելով, որ անակնկալներ ունի ուսուցիչների համար եւ իր խոսքն ու գործը տարբերվում են մյուսներից: «Շնորհավորում եմ մեզ բոլորիս, իսկ իմ անակնկալները հետո կտեսնեք, մեծ դահլիճում՝ Դրամատիկական թատրոնում: Ուզում եմ համոզվեք, որ մեր կողմից կա ուշադրություն, կա գնահատական ձեզ բոլորիդ եւ ոչ թե միայն խոսում ենք»,-իր կենացի ժամանակ նշել է Ծառուկյանը, ապա դիմելով իր շուրջը համախմբված ԲՀԿ-ականներին ասել.«Իրարից անպակաս, մեկս մյուսով…»:
Մանկավարժների վկայությամբ, Գագիկ Ծառուկյանի թիկնապահները Դրամատիկական թատրոնի դիմաց, դարձյալ փողեր են բաժանել գյումրեցիներին:




























