Փարիզի արվարձաններից մեկի քաղաքապետի տունը հարձակման է ենթարկվել և այրվել, երբ նրա կինն ու երեխաները քնած են եղել ներսում՝ ոստիկանների կողմից Նանտերեում 17-ամյա դեռահասի սպանությունից հետո Ֆրանսիան համակած անկարգությունների ժամանակ, տեղեկացնում է Reuters-ը։

Փարիզի հարավային Լ՛Է-լե-Ռոզ արվարձանի քաղաքապետ Վինսենթ Ժանբրենը պատմել է, որ իր կինը և հինգ ու յոթ տարեկան երեխաներից մեկը վիրավորվել են, երբ վաղ առավոտյան լքել են շենքը։

Ժանբրենը, որը պահպանողական Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է, միջադեպի ժամանակ եղել է քաղաքապետարանում, որը մի քանի գիշեր հարձակումների օբյեկտ է եղել և պաշտպանված է փշալարերով ու բարիկադներով։

«01։30-ին, երբ ես, ինչպես նախկին երկու գիշերը,  քաղաքապետարանում էի, մարդիկ ներխուժել են իմ տուն, որպեսզի այրեն այն, որտեղ քնած էին կինս և երկու փոքր երեխաներս,- թվիթերյան իր օգտահաշվում գրել է Ժանբրենը։- Փորձելով պաշտպանել նրանց և փրկվել հարձակվողներից, կինս և երեխաներիցս մեկը վնասվածքներ են ստացել»։

Տեղի դատախազը հայտնել է լրագրողներին, որ հետաքննություն է սկսվել մահափորձի փաստի առիթով։ Կասկածյալներից ոչ ոք  չի ձերբակալվել։