Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունից (SPD) Բունդեսթագի արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Մայքլ Ռոթը Zeit թերթին տված հարցազրույցում առաջարկել է Ուկրաինան մաս-մաս ընդունել ՆԱՏՕ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Նրա խոսքով, արժե «ավելի լայն մեկնաբանել» դաշինքին Ուկրաինայի անդամակցության պայմանագրային հիմքերը։ «Ես իդեալական խաղաղությունը (ամբողջ երկրում) ՆԱՏՕ-ին անդամակցելու պայման չէի դնի»,- ասել է նա։

Քաղաքական գործչի կարծիքով` Կիևի կողմից վերահսկվող շրջանները պետք է «որքան հնարավոր է շուտ» դառնան ՆԱՏՕ-ի տարածքի մաս։

«Այդ դեպքում 5-րդ հոդվածը (կոլեկտիվ պաշտպանության մասին) կտարածվի նաև նրանց վրա։ Օգնության տրամադրման պարտավորությունը դեռ չի տարածվի Ուկրաինայի այլ շրջանների վրա»,- նշում է Ռոթը։

Ռոթի պնդմամբ՝ հակառակ դեպքում դաշինքին Ուկրաինայի միանալու հարցը «մինչև երկրորդ գալուստը» պետք է հետաձգվի։