Սպիտակ տանը հայտնաբերված կոկաինը կարող էր պատկանել միայն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կամ նրա որդուն՝ Հանթերին։ Իր սոցիալական ցանցում այսպիսի ենթադրություն է արել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մի՞թե որեւէ մեկը իրոք հավատում է, որ Սպիտակ տան արեւմտյան թեւում, որը շատ մոտ է Օվալաձեւ աշխատասենյակին, հայտնաբերված կոկաինը նախատեսված էր ոչ թե Հանթերի կամ Ջո Բայդենի, այլ մեկ ուրիշի համար»,- ասված է հաղորդման մեջ։
Նախկին նախագահի կարծիքով՝ ամերիկյան ԶԼՄ-ները, որոնց նա անվանել է «ֆեյքերի մեդիա», շուտով կգրեն, որ այդ փոշին բնավ էլ թմրանյութ չէր, այլ ասպիրին, իսկ ամբողջ պատմությունը շուտով «կզրոյացվի»։
Հուլիսի 4-ին տեղեկացվել էր, որ Սպիտակ տանը կասկածելի նյութ է հայտնաբերվել։ Նախնական վերլուծությունը ցույց է տվել, որ փոշին կարող է կոկաին լինել, ներկայում լրացուցիչ քննություն է կատարվում։
Ավելի ուշ CBS News հեռուստաալիքը, հղում կատարելով անանուն աղբյուրին իրավապահ մարմիններում, հայտարարել էր, որ փորձաքննությունը կոկաին է հայտնաբերել փոշու մեջ, որը մինչ այդ գտել էին ԱՄՆ նախագահի նստավայրում։





























