Գեղեցկության սրահները կանանց համար Աֆղանստանում արգելվել են, քանի որ դրանք առաջարկել են իսլամի արգելած ծառայություններ եւ տնտեսական դժվարություններ են ստեղծել փեսացուների ընտանիքների համար հարսանեկան հանդիսությունների ժամանակ, հայտարարել է երկրում կառավարող «Թալիբան» շարժումը, տեղեկացրել է The Associated Press-ը։

Այս պարզաբանումը հնչել է այն բանից հետո, երբ շարժումը հաստատել է, որ գեղեցկության սրահներին տալիս է մեկ ամիս բիզնեսը փակելու համար, ինչը մտահոգել է միջազգային պաշտոնյաներին, որոնք անհանգստացել են այն հետեւանքների պատճառով, որոնք կառաջանան կին ձեռներեցների համար։

Հինգշաբթի հրապարակված տեսահոլովակում Աֆղանստանի առաքինության եւ արատի նախարարության մամուլի քարտուղար Սադիկ Աքիֆ Մահջերը թվարկել է այն ծառայությունները, որոնք առաջարկել են գեղեցկության սրահները, որոնք, նրա խոսքով, հակասում են իսլամին։

Նրա խոսքով՝ դրանց թվում են հոնքերի շտկումը, ուրիշների մազերի օգտագործումը կանանց սանրվածքի համար եւ դիմահարդարումը, «որը խանգարում է լվացվելուն աղոթքից առաջ»։

Բացի այդ, սրահները տնտեսական սթրես են ստեղծում փեսացուների ընտանիքների համար, որոնք, սովորության համաձայն, պետք է վճարեն սրահ հարսնացուների ու նրա մերձավորների նախահարսանեկան այցելության համար, ասել է նա։