Բրիտանիայում թաղման ամենամեծ բյուրոն՝ Funeralcare-ը, սկսել է առաջարկել էկոլոգիական թաղման նոր տեսակ՝ ռեսոմացիա։ Դա դիակի լուծումն է ալկալիում 160°C-ում, որի ընթացքում մարմնի մնացորդները վերածվում են հեղուկի։ Այս մեթոդը կիսով չափ ավելի քիչ ածխածին է արտանետում, քան դիակիզումը, գրել է The Guardian-ը։

Ռեսոմացիայից հետո մնացած ոսկորները մանրացնում են՝ վերածելով փոշու եւ տալիս հարազատներին, հեղուկը լցնում են դրենաժային ջրերը, այն անվնաս է։ Funeralcare-ը պաշտոնական թույլտվություն է ստացել թաղման այս միջոցն իրականացնելու համար։ Լուծված մարմինները ճանաչել են կոմերցիոն կեղտաջրեր, ինչպես լվացքատների դեպքում է։

Էկոակտիվիստները ռեսոմացիան համարում են «թաղման ամենահոգատար միջոցը հանգուցյալի եւ բնության համար»։ Այն թույլատրվել է ԱՄՆ-ում, Կանադայում եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունում։