Ադրբեջանում ընդմիջել են ֆրանսիական նեոգաղութատիրությունից տուժած աֆրիկյան երկրների իրավունքների պաշտպանության տիտանական ջանքերը եւ նորից անցել բնապահպանական խնդիրներին։
Հիշեցնենք, որ Արեւմուտքում շատ հասկանալի «բնապահպանական պատճառներով» բացատրվեց մասշտաբային ակցիան, որը վերածվեց Լաչինի միջանցքի եւ Արցախի լիակատար շրջափակման։
Այս անգամ ադրբեջանցի բնապահպանները մի քանի էջանոց նամակ են «մոգոնել»՝ ուղղված Հայաստանի վարչապետին, որով պահանջում են փակել մի շարք ձեռնարկություններ ՀՀ-ում։ Երեւույթի քաղաքական ենթատեքստի մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ «բնապահպանները» ոչ թե պարզապես օգտագործում են հայկական բնակավայրերի ադրբեջանական տեղանունները, այլ գիտակցաբար աղավաղում են իրականությունը՝ ադրբեջանական անվանումներով նշելով նաեւ հայկական այլ քաղաքներ։
Ադրբեջանցի «բնապահպանները» ՀՀ-ին մեղադրում են այն բանում, որ «լեռնարդյունահանումը Հայաստանի Հանրապետությունում խախտում է բնապահպանական կայունությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում», պահանջում են «դադարեցնել լեռնարդյունահանման աշխատանքները, որոնք իրականացվում են միջազգային բնապահպանական նորմերի եւ չափորոշիչների խախտումներով»։
Ցուցակում 12 ձեռնարկություն է, ընդ որում՝ Քաջարանի եւ Կապանի կոմբինատներից բացի, ադրբեջանցիներին խանգարել են նաեւ գործարանները Կոտայքում, Սոդքում, Ախթալայում։ Պահանջ է ներկայացվում նաեւ դադարեցնելու Երասխի գործարանի կառուցումը։ Վերջին կետի ուղղությամբ ադրբեջանցի զինվորականները քիչ ջանքեր չեն գործադրում՝ գրեթե ամենօրյա ռեժիմով գնդակոծելով կառուցվող գոծարանը, ինչի հետեւանքով վիրավորվել է Հնդկաստանի երկու քաղաքացի։
Դե, իսկ ամենից շատ պահանջներ ներկայացվում են Ամուլսարի հանքավայրին։ Ասենք՝ հայ բնապահպանները նույնպես «լիքը» հարցեր ունեն Ամուլսարի վերաբերյալ, մի տարբերությամբ միայն, որ Հայաստանում պահանջում են ՉՍԿՍԵԼ հանքի շահագործումը, իսկ Ադրբեջանում ներկայացնում են «կատարված փաստի» բացասական հետեւանքները՝ վառ ցուցադրելով մյուս բոլոր մեղադրանքների շինծու լինելը։
Իսկ մինչ Ադրբեջանի իշխանությունները զբաղված են Հայաստանի եւ Արցախի բնապահպանական խնդիրների «լուծմամբ, բուն Ադրբեջանում Սոյուդլուում վնասակար ձեռնարկության փակումը պահանջող գյուղացիներին եւ ակտիվիստներին ձերբակալում են։





























