Փարիզի ոստիկանությունն արգելել է շաբաթ օրվա բողոքի ակցիան ընդդեմ ոստիկանության բռնության։ Ֆրանսիայում անկարգություններ էին սկսվել Նանտում դեռահասի սպանության հետ կապված, տեղեկացրել է Reuters-ը։
Փարիզի ոստիկանության դեպարտամենտը տեղեկացրել է, որ արգելել է Հանրապետության հրապարակում ակցիայի անցկացումը հանրային կարգին սպառնացող ռիսկի պատճառով։
Ոստիկանությունը հունիսի 27-ից հետո, երբ ոստիկանության սպան գնդակահարել էր Նահելին, հայտնվել է սեւեռուն ուշադրության ներքո։ 17-ամյա տղան առանց իրավունքի մարզական մեքենա էր վարել։
Բողոքի շաբաթօրյա ակցիան հրավիրել էր Ադամա Թրաորեի ընտանիքը, սեւամորթ ֆրանսիացի, որը մահացել էր ոստիկանությունում այնպիսի հանգամանքներում, որոնք նման էին Ջորջ Ֆլոյդի սպանությանն ԱՄՆ-ում։
Ռասայական խտրականության դեմ ակցիան սկզբում նախատեսվում էր որպես երթ Բոմոն սյուղ Ուազում, որտեղ 2016թ. մահացել էր Թրաորեն։
Բայց տեղի իշխանություններն արգելել են միջոցառումը՝ նշելով, որ մեծ է հանրային կարգին եւ անվտանգությանն սպառնացող վտանգը։
Ուրբաթ դատարանն արգելքը թողել էր ուժի մեջ, ինչն ավելի էր գրգռել կրքերը։ Ձախ ուժերի առաջնորդները, ներառյալ LFI խորհրդարանական խմբի ղեկավար Մաթիլդա Պանոն, հայտարարել են, որ միանում են հավաքին։
Առայժմ հայտնի չէ, թե արդյոք կազմակերպիչները կվիճարկեն Փարիզի իշխանությունների նոր արգելքը։
Հանգստյան օրերին Ֆրանսիայի մի շարք մեծ քաղաքներում, այդ թվում Մարսելում եւ Ստրասբուրգում,նախատեսված են նոր ցույցեր Նահելի սպանության հետ կապված։
Ոստիկանը, որը խոստովանել էր, որ կրակել է Նահելին, պաշտոնական քննության տակ է կամավոր սպանության մեղադրանքով, որը հավասար է անգլոսաքսոնյան իրավունքով մեղադրանքին։
Նրա փաստաբանը նշել է, որ ոստիկանը նշան է բռնել վարորդի ոտքին, բայց վրիպել է, երբ մեքենան շարժվել է, ինչն էլ ստիպել է կրակել նրա կրծքին։
Շաբաթ օրը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է ՄԱԿ ռասայական խտրականության վերացման գծով կոմիտեի հայտարարությունը ռասայական խտրականության եւ իրավապահ մարմինների լիազորությունների չարաշահման մասին։
ՄԱԿ կոմիտեն ուրբաթ հայտարարել էր, որ Ֆրանսիան պետք է գերակա դարձնի «ռասայական խտրականության կառուցվածքային եւ համակարգային պատճառների վերացումը, այդ թվում իրավապահ մարմիններում»։
«Համակարգային ռասիզմի կամ իրավապահ մարմինների կողմից խտրականության ցանկացած մեղադրանք անհիմն է»,- ասել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում։





























