ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային կասետային զինամթերքների տրամադրումը կարող է հանգեցնել հումանիտար խնդիրների առաջացման, համապատասխան կողմերը չպետք է կրակին յուղ ավելացնեն եւ խորացնեն ուկրաինական ճգնաժամը, երկուշաբթի ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

«Շատ երկրներ դեմ են դրան, կասետային զինամթերքների անպատասխանատու մատակարարումները կարող են հանգեցնել հումանիտար խնդիրների առաջացման։ Հումանիտար խնդիրները եւ ռազմական անվտանգության հարցերը պետք է լուծել հավասարակշռված, կասետային զինամթերքների փոխանցմանը պետք է զուսպ եւ զգույշ վերաբերվել»,- ասել է Մաո Նինը։

Նա նաեւ նշել է, որ Չինաստանը միշտ բանակցությունները համարել է ճգնաժամի լուծման միակ ճանապարհը։

«Համապատասխան կողմերը չպետք է յուղ լցնեն կրակին, սրեն հակասությունները, որոնք կհանգեցնեն ուկրաինական ճգնաժամի խորացման»,- ասել է Մաո Նինը։

ԱՄՆ-ն ուրբաթ հայտարարել էր, որ Ուկրաինային կհանձնի կասետային զինամթերքներ, որոնք արգելված են միջազգային կոնվենցիայով, որը վավերացրել է 123 երկիր, դրանց մեջ չեն ԱՄՆ-ն եւ Ուկրաինան։ Ուկրաինայի ԶՈւ-ն, ռուս զինվորականների խոսքով, արդեն օգտագործել է կասետային զինամթերքներ Դոնբասի, մասնավորապես՝ Դոնեցկի գնդակոծման համար։ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ դա վկայում է այն մասին, որ ուկրաինական զորքերի խնդիրը առավելագույն թվով խաղաղ բնակիչների սպանությունն է։