Արդեն 4-րդ տարին է, որ Լոռու մարզում, Դսեղ համայնքում իրականացվում է «Ուտելի բույսերը՝ հայկական խոհանոցում» փառատոնը: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀԿ կենտրոն քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպության նախագահ Արփինե Հակոբյանը՝ ներկայացնելով  հուլիսի 22-ին Դսեղում «Ուտելի բույսերը՝ հայկական խոհանոցում» փառատոնի կազմակերպման շարժառիթները:

«Այս տարի պատիվ ունեցանք ունենալու նաեւ Զբոսաշրջության կոմիտեի իսկապես գործընկերային աջակցությունը, ոչ միայն ֆինանսական:

Մենք ուզում ենք խոհանոցի միջոցով ցույց տալ, թե ինչպիսի ավանդույթներ կան, ինչ հոգեկերտվածք ունի հայ ժողովուրդը: Պիտի փաստեմ, որ ի շարք բազում խոհանոցների, հայկական խոհանոցն իր ուրույն եւ բազմազան  համն ու հոտն ունի: Ցանկացած զբոսաշրջիկի համար հենց խոհանոցի տպավորությունների հաշվին էլ Հայաստանն առանձնացնում է այլ երկրներից: Նպատակը նաեւ իրադարձային տուրիզմի խթանումն է»,-ասաց նա:

Արփինե Հակոբյանը նկատեց, որ մեր խոհանոցի մեծ մասը ուտելի բույսերն են. «Պատմությունը ցույց է տալիս, որ բացի մշակովի բույսերից, մենք միշտ զուգահեռ օգտագործել ենք նաեւ վայրի բուսատեսակները, իսկ Հայաստանում ճում է ավելի քան 3 500 տեսակի բուսատեսակ, որից 300 անուն տեսակը օգտագործվում է խոհանոցում: Այդ բույսերից 2500-ը բուժական նպատակներով են օգտագործում: Բացի այդ, Լոռին ասոցացվում է «գոլի» հետ, բույսի հետ, եւ փորձում ենք այցեքարտային փառատոն ձեւավորենք Լոռիում»,-ասաց նա:

Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը ներկայացրեց փառատոնի շրջանակներում իրենց կողմից կազմակերպվող մշակութային միջոցառումները,   Թումանյան համայնքի ղեկավարի խորհրդական Արմեն Չոփուրյանը հայտնեց որ Հովհաննես Թումանյանի ծննդավայրի ընտրությունն պատահական չէ, իսկ համայնքը մեծ աշխատանք է արել ճանապարհաշինության ոլորտում: