ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հեռախոսազրույց են ունեցել Լիտվայի մայրաքաղաքում կայանալիք ՆԱՏՕ գագաթաժողովից առաջ, տեղեկացրել է «Европейская правда»-ն։
ԱԳՆ-ն եւ պետդեպարտամենտը կարճ հաղորդագրություններ են տեղադրել Վիլնյուսում դաշինքի գագաթաժողովից առաջ տեղի ունեցած խոսակցության մասին, Ուկրաինան հույս ունի այդ գագաթաժողովում ազդանշան ստանալ դաշինքին միանալու հեռանկարների, ինչպես նաեւ անվտանգության երաշխիքների մասին, քանի դեռ ՆԱՏՕ սահմաններից դուրս է։
Դմիտրի Կուլեբան հեռախոսազրույցն անվանել է «արդյունավետ»։ «Մնում է 48 ժամ, ուստի մենք աշխատում ենք, որպեսզի Վլնյուսի գագաթաժողովի եզրափակիչ որոշումները հաղթանակ լինեն Ուկրաինայի, ՆԱՏՕ եւ գլոբալ անվտանգության համար։ Ես նաեւ շնորհակալություն եմ հայտնել ԱՄՆ-ին հերթական պաշտպանական փաթեթի համար, որը ներառում է չափազանց անհրաժեշտ զինամթերքներ»,- ասել է նա։
Պետդեպարտամենտը տեղեկացրել է, որ Կուլեբան եւ Բլինքենը քննարկել են «ուկրաինական հակահարձակման առաջընթացը» եւ գագաթաժողովի նախապատրաստությունը։
«Պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն անփոփոխ աջակցում է Ուկրաինային եւ օգնություն է տրամադրում ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար»,- նշվել է կոմյունիկեում։





























