Նիդեռլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյութեն, որը հուլիսի 7-ին հայտարարել էր հրաժարականի մասին, չի դնի թեկնածությունը հինգերորդ ժամկետի համար եւ կհեռանա քաղաքականությունից նոյեմբերյան ընտրություններից հետո։ Այս մասին նա հայտարարել է թագավորության խորհրդարանում կառավարության ճգնաժամի թեմայով բանակռիվների ժամանակ։

«Իմ դրությունը միանգամայն անընդունելի է։ Կիրակի ես որոշեցի, որ չեմ գլխավորի Հանուն ազատության եւ դեմոկրատիայի ժողովրդական կուսակցությունը գալիք ընտրություններում»,- ասել է 56-ամյա քաղաքական գործիչը, նրա խոսքերը մեջբերել է Dutch News լրատվական պորտալը։ «Վերջին օրերին շատ ենթադրություններ են արվել, թե որն է իմ մոտիվացիան։ Միակ պատասխանն է՝ Նիդեռլանդները»,- ավելացրել է նա։

Մինչդեռ ընդդիմությունը պնդում է, որ Ռյութեն, որն այդ պաշտոնն զբաղեցնում է 2010 թվականից, թողնի պաշտոնը՝ չսպասելով նոյեմբերին։ «Կանաչ ձախերը» եւ Աշխատանքի կուսակցությունը մտադիր են համապատասխան նախագիծը մտցնել խորհրդարան երկուշաբթի։ Ազատության կուսակցության նախագահ Գերտ Վիլդերսն ասել է, որ կաջակցի նրանց դեմարշին։

Կառավարության հրաժարականի պաշտոնական պատճառը տարաձայնություններն են կառավարող կոալիցիայում միգրացիոն քաղաքականության հարցում։ Հանուն ազատության եւ դեմոկրատիայի ժողովրդական կուսակցությունը, որի նախագահն է Ռյութեն, փորձում էր հասնել որոշ միջոցների ընդունման, որպեսզի փախստականների հոսքը կրճատվի, մասնավորապես՝ սահմանափակվեն ընտանիքի հետ վերամիավորման իրավունքները ապաստան փնտրող որոշակի կարգի անձանց համար։ Այդ առաջարկն անընդունել էր Քրիստոնեական միության՝ չորս կուսակցություններից մեկի համար, որը մտնում է կառավարող կոալիցիայի մեջ։ Սակայն, ինչպես կարծում են որոշ մեկնաբաններ, Ռյութեն այս դեպքում միտումնավոր վերցրել էր առճակատման ուղեգիծ։