Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը հնարավոր կդառնա միայն այն բանից հետո, երբ Թուրքիան դառնա Եվրամիության անդամ։

«Մենք ցանկանում ենք, որպեսզի մեզ տրված բոլոր խոստումներն իրականացվեն... Թուրքիային ԵՄ դռների մոտ ստիպում են սպասել արդեն 50 տարի։ Մեզ սպասել ստիպող այդ երկրներին դա ասում եմ, կասեմ նաեւ Վիլնյուսում. սկզբում բացեք ԵՄ դռները Թուրքիայի համար, այդ ժամանակ մենք կբացենք Շվեդիայի ճանապարհը (ՆԱՏՕ), ինչպես դա արել ենք ավելի վաղ Ֆինլանդիայի համար»,- ասել է Էրդողանը Ստամբուլի Աթաթյուրքի օդանավակայանոմ, Վիլնյուս թռչելուց առաջ։

Նրա խոսքով՝ նա այս պայմանի մասին տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։

Թուրքիան թեկնածուի կարգավիճակում է 1999 թվականից, վերջինը ներկա պահին ԵՄ մտել է Խորվաթիան 2013թ., գործընթացը տեւել է տասը տարի։ 2016-ից Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ անվիզա ռեժիմի մասին բանակցությունները գրեթե դադարեցվել են։