Հենց հայտնի դարձավ, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը պատրաստ է Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը ներկայացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը, Սպիտակ տունը տարածեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
«Ես ողջունում եմ այսօր երեկոյան Թուրքիայի, Շվեդիայի եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի արած հայտարարությունը, այդ թվում նախագահ Էրդողանի՝ Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը Ազգային մեծ ժողովի [Թուրքիայի խորհրդարանի] վավերացմանը ներկայացնելու պարտավորությունը»,- նշվել է Բայդենի հայտարարությունում։
«Ես պատրաստ եմ աշխատել նախագահ Էրդողանի եւ Թուրքիայի հետ պաշտպանության ամրապնդման եւ եվրատլանտյան տարածաշրջանում զսպման ուղղությամբ։ Ես անհամբերությամբ սպասում եմ վարչապետ Քրիստերսոնի եւ Շվեդիայի հետ հանդիպմանը՝ որպես ՆԱՏՕ գծով մեր 32-րդ դաշնակցի։ Եվ ես շնորհակալություն եմ հայտնում ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Սթոլտենբերգին իր ամուր ղեկավարության համար»,- նշվել է հայտարարությունում։
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Սթոլտենբերգի եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում իր հերթին հայտարարել է, որ «սա լավ օր է Շվեդիայի համար, մենք շատ մեծ քայլ ենք անում ՆԱՏՕ-ին անդամակցության ուղղությամբ»։
Երկուշաբթի Յենս Սթոլտենբերգը մի քանի ժամ տեւած բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահի եւ Շվեդիայի վարչապետի հետ։
Դրանց ավարտից հետո ՆԱՏՕ ղեկավարը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Շվեդիայի հայտը ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ կուղարկվի Թուրքիայի խորհրդարան [Ազգային մեծ ժողով]՝ վավերացման, այս որոշումն անվանելով «պատմական»։





























