Թուրքիայի կառավարությունը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացին օժանդակելուց հետո ստացել է Արեւմուտքի աջակցությունը պատժամիջոցների չեղարկմամբ եւ վիզային ռեժիմի ազատականացմամբ, գրել է Haberler.com պորտալը՝ հղում կատարելով թուրք բարձրաստիճան պաշտոնյային։
«Բարձրաստիճան թուրք պաշտոնյան ասել է, որ Վիլնյուսում եռակողմ հանդիպման ժամանակ Թուրքիան ստացել է լիակատար աջակցություն ԵՄ-ին անդամակցության գործընթացում, ներառյալ պատժամիջոցների չեղարկումը եւ վիզային ռեժիմի ազատականացումը»,- գրել է պարբերականը։
ՆԱՏՕ ղեկավար Յենս Սթոլտենբերգը տեղեկացրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնել է «որքան հնարավոր է շտապ» խորհրդարանի վավերացմանն ուղարկել ՆԱՏՕ-ին անդամակցության Շվեդիայի հայտը։ Ոչ մի կոնկրետ ժամկետ, սակայն, Սթոլտենբերգը չի նշել։ Անկարայում «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը տեղեկացրել է, որ կոնկրետ ժամկետներ այս հարցում չկան, գործընթացը ժամանակ կպահանջի։
Թուրքիան 1963թ. ստորագրել է ԵՄ-ին (այն ժամանակ՝ Եվրոպական տնտեսական ընկերակցություն) ասոցիացման համաձայնագիրը, իսկ 1987-ին միությանն անդամակցելու հայտ է ներկայացրել։ Սակայն բանակցությունները սկսվել են միայն 2005թ., ընդ որում՝ քանիցս դադարեցվել են տարաձայնությունների պատճառով։ Այժմ բաց է բանակցային դոսյեի 35 գլուխներից 16-ը։




























