ԱՄՆ գաղտնի ծառայությունը հինգշաբթի Կոնգրեսին կտեղեկացնի Սպիտակ տանը հայտնաբերված կոկաինի մասին, տեղեկացրել է Axios պորտալը։

«ԱՄՆ գաղտնի ծառայությունը Կոնգրեսին կտեղեկացնի Սպիտակ տանը հայտնաբերված կոկաինի մասին... Հանրապետական կուսակցության երկու խորհրդականի խոսքով՝ ճեպազրույցը տեղի կունենա անձնակազմի մակարդակով առավոտյան ժամը 10-ին, հինգշաբթի»,- տեղեկացրել է պորտալը։

Կասկածելի սպիտակ փոշին, որը, պարզվեց, կոկաին է, հայտնաբերվել է Սպիտակ տանը հուլիսի սկզբին, գաղտնի ծառայության աշխատակիցների կողմից։ Դրանից հետո հայտարարվել է տարհանում, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ նրա ընտանիքը, Բայդենի մամուլի քարտուղարի խոսքով, այդ պահին Սպիտակ տանը չէին։ New York Post թերթը գրել է, որ փոշու հայտնաբերումից առաջ Սպիտակ տանը եղել էր նախագահի որդին՝ Հանթեր Բայդենը, որը հայտնի է թմրանյութերի եւ կոռուպցիայի հետ կապված սկանդալներով։

Թմրանյութի հայտնաբերումից հետո անցած օրերի ընթացքում չի հաջողվել պարզել դրա պատկանելությունը, ավելին՝ փոխվել են ցուցմունքները դրա հայտնաբերման տեղի մասին։ Սկզբում Սպիտակ տան աղբյուրներն ասում էին, որ թմրանյութը գտել են գրադարանում, հետո խոսվում էր արեւմտյան թեւի մասին, իսկ վերջին տեղեկատվությամբ այն գտել են նստավայրի արեւմտյան թեւի մուտքի մոտի խցիկում։