Լեհաստանը Վոլինյան ջարդերի բոլոր զոհերի աճյունների արտաշիրման կոչ է արել Ուկրաինային։
Լեհաստանն ու Ուկրաինան երբեք չեն կարողանա լիովին հաշտվել, քանի դեռ չեն գտել ու արտաշիրմել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ուկրաինացի ազգայնականների կողմից սպանված բոլոր լեհերին։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին, գրում է Reuters-ը։
Լեհաստանը դարձել Է Ուկրաինայի ամենահավատարիմ դաշնակիցներից մեկը 2022 թվականին ռուսական զորքեր մտցնելուց հետո, սակայն երկու հարեւան երկրների հարաբերությունները սերունդների ընթացքում լարվել են Վոլինում 1943-1945 թվականներին տեղի ունեցած զանգվածային սպանությունների պատճառով։
«Այս հանցագործությունն այնքան բացառիկ էր, որ այն պետք է կոչվի իր անունով։ Այն ցեղասպանություն էր»,-ասել է Մորավեցկին։
Լեհաստանի տվյալներով՝ ուկրաինացի ազգայնականների կողմից սպանվել է ավելի քան 100 հազար լեհ։
Տարածքը, որտեղ տեղի են ունեցել զանգվածային սպանություններ, բնակեցված ինչպես լեհերով, այնպես էլ ուկրաինացիներով, մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմը եղել է Լեհաստանի կազմում, այնուհետեւ մտել ԽՍՀՄ կազմի մեջ։
Լեհաստանը ցանկանում է, որ Ուկրաինան իր մասնագետներին անսահմանափակ հասանելիություն տա զոհվածների աճյունների թաղման վայրերին, որպեսզի նրանք կարողանան արտաշիրմել եւ համապատասխան հուղարկավորություն անցկացնել:
2017 թվականին Ուկրաինան Լեհաստանի իշխանություններին արգելել է որոնել զոհերին իր տարածքում։ Սակայն 2022 թվականին Կիեւը Լեհաստանին թույլ է տվել զոհերի որոնում անցկացնել մեկ բնակավայրում։
Կիրակի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ նրա լեհ գործընկեր Անջեյ Դուդան միասին այցելել են Ուկրաինայի արեւմտյան Լուցկ քաղաք, որտեղ մասնակցել են ի հիշատակ զոհերի եկեղեցական ծառայության։





























