ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները պայմանավորվածություն են ձեռք բերել այն մասին, թե ինչպես կարելի է որոշել Ուկրաինայի հետ իրենց ապագա հարաբերությունները, ներառյալ դաշինքին անդամակցելու նրա առաջարկը, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Դիվանագետներից մեկի խոսքով՝ հռչակագրի վերջնական ձեւակերպումը, որը վերաբերում է Ուկրաինայի ապագա անդամակցությանը, ասում է, որ ՆԱՏՕ-ն «ի վիճակի կլինի դաշինքին անդամակցելու հրավեր ուղարկել, երբ դաշնակիցները համաձայնեն եւ պայմանները կատարվեն»։
France 24-ի տեղեկատվության համաձայն՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների կողմից համաձայնեցված հռչակագրի տեքստում ասվում է. «Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները համաձայնել են Ուկրաինային ընդունել դաշինքի մեջ, «երբ դաշնակիցները համաձայնեն եւ պայմանները կատարվեն»։
«Մենք հաստատեցինք, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ եւ համաձայնեցինք չեղարկել անդամակցության գործողությունների ծրագրի առկայության պահանջը»,-ասել է Սթոլթենբերգը։
Նա նաեւ հայտնել է, որ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում առաջին հանդիպումը կանցկացնի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ օրվա վերջում։





























