Ամերիկացի օրենսդիրները կարող են համաձայնել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին, եթե Անկարան ստանձնի այդ ինքնաթիռների օգտագործման հետ կապված պարտավորություններ, ներառյալ՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների դեմ դրանք չօգտագործելու երաշխիքներ։ Այս մասին երեքշաբթի հայտնել է ամերիկյան Politico թերթը։

Ինչպես նշում է թերթը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աշխատակիցները, հաշվի առնելով թուրքական իշխանությունների համաձայնությունը Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելու հարցում, աջակցել են այս գործարքի հաստատմանը։ Սակայն, ինչպես նշվում է հրապարակման մեջ, Բայդենը «չի կարող վաճառել ինքնաթիռները առանց Սենատի և ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովներում առանցքային հանրապետականների և դեմոկրատների աջակցության»։ Նրանք նախկինում դեմ էին Թուրքիա կործանիչներ ուղարկելուն։ Ինչպես նշվում է նյութում, «երեքշաբթի սենատորները թուլացման նշաններ են ցույց տվել այս հարցում»։ Միաժամանակ նրանք ընդգծել են, որ Անկարան «պետք է հավելյալ քայլեր ձեռնարկի նախքան այո ասելը»,- ընդգծում է թերթը։

«Մնացած մտահոգություններից մեկն այն է, թե Թուրքիան ինչպես կարող է օգտագործել ԱՄՆ-ի տրամադրած կործանիչները: Հունաստանը Թուրքիային մեղադրել է անցյալ տարի իր օդային տարածքի 10 000 խախտման մեջ, Թուրքիան նաև սպառնացել է Սիրիայի այն շրջաններին, որոնք գտնվում են քրդերի վերահսկողության տակ, որոնց ԱՄՆ-ն դաշնակից է համարում։

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, ում խոսքերը մեջբերում է պարբերականը, մասնավորապես, նշել է, որ Անկարայից երաշխիքներ է ակնկալում, որ ինքնաթիռները «չեն օգտագործվի թշնամական քայլերի համար ՆԱՏՕ-ի որևէ դաշնակցի նկատմամբ, ոչ միայն Հունաստանի։ Մենենդեսը նախկինում դեմ էր նման գործարքին։ Նա ասել է, որ այժմ խորհրդակցություններ է անցկացնում ԱՄՆ վարչակազմի հետ և խոստովանել է մեկ շաբաթվա ընթացքում իր դիրքորոշումը վերանայելու հնարավորությունը։ Թուրքիային F-16-ի վաճառքի հնարավոր պայմանների թվում Մենենդեսը նշել է ԱՄՆ-ի կողմից F-35 ինքնաթիռներ մատակարարելու Հունաստանի խնդրանքը:

Թուրքիան նախկինում ԱՄՆ-ից պահանջել էր 40 F-16 Block 70 կործանիչ և 80 Block 70 արդիականացման համալիրներ իր գործող ինքնաթիռների համար։ ԱՄՆ օրենսդիրները կարող են կանխել ամերիկյան զենքի վաճառքն այլ պետությունների։ Ինչպես ավելի վաղ ասել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Կոնգրեսի որոշ անդամներ կոչ են արել Թուրքիային նման մատակարարումները կապել Անկարայի քայլերի հետ, որոնք անհրաժեշտ են Շվեդիան ՆԱՏՕ-ին միանալու համար:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հուլիսի 10-ին ասել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը «համաձայնել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրությունը հնարավորինս շուտ վավերացման ներկայացնել խորհրդարան և աշխատել նրա հետ՝ այս փաստաթուղթը որքան հնարավոր է շուտ վավերացնելու համար»: