Կուբայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Գուանտանամոյի ծոց ամերիկյան ատոմային սուզանավի մուտքը՝ դա սադրանք անվանելով։
«ԱԳՆ-ն կտրականապես մերժում է 2023թ. հուլիսի 5-ին Գուանտանամոյի ծոց ատոմային սուզանավի մուտքը, որը մինչեւ հուլիսի 8-ը գտնվել է այնտեղ տեղակայված ամերիկյան ռազմակայանում։ Դա իրավիճակի սադրիչ սրում է ԱՄՆ-ի կողմից, որի քաղաքական եւ ռազմավարական մոտիվներն անհայտ են»,- նշվել է գերատեսչության երեքշաբթի հրապարակված հայտարարությունում։
Կուբայի ԱԳՆ-ն նշել է, որ ամերիկյան ատոմային սուզանավերի ներկայությունը Կարիբյան ավազանի ջրերում «սպառնալիք է կրում»։ «Այնտեղ [ծոցում] ատոմային սուզանավի գտնվելը ստիպում է հարց տալ, թե որն է այդ գործողության ռազմական հիմնավորումը խաղաղ տարածաշրջանում, ում դեմ է ուղղված եւ ինչ ռազմավարական նպատակ է հետապնդում»,- ավելացրել են գերատեսչությունում։ Կուբայի իշխանությունները հերթական անգամ կոչ են արել ԱՄՆ-ին «վերադարձնել անօրինաբար օկուպացված Գուանտանամո շրջանը»։
Կուբան ԱՄՆ վերահսկողության տակ է հայտնվել 1898թ. ամերիկա-իսպանական պատերազմից հետո, 1899թ. հունվարին ամերիկյան զորքերն օկուպացրել են կղզին։ 1901թ. ԱՄՆ ճնշմամբ Կուբայի Սահմանադրությունում ներառվել է Պլատայի ուղղումը, որի համաձայն՝ երկրում հաստատվել է ԱՄՆ պրոտեկտորատ։ Անսահմանափակ ժամկետով վարձակալվել է տարածք Գուանտանամոյի շրջանում ռազմածովային կայան հիմնելու համար։





























