ՆԱՏՕ-ն Վիլնյուսի գագաթաժողովում չի ներկայացրել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հստակ բանաձեւը, քանի որ ուկրաինական հակամարտությունը «դինամիկ» է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

«Ես լավ հասկանում եմ Ուկրաինայի ցանկությունը, որն է՝ որքան հնարավոր է շուտ լինել ՆԱՏՕ-ում, դա բացարձակապես նրանց իրավունքն է։ Մենք մեխանիկական բանաձեւ չենք ներկայացրել, քանի որ հակամարտությունը դինամիկ է, իրավիճակը դինամիկ է, ՆԱՏՕ-ն պետք է կարողանա պահպանել ճկունությունը»,-CNN-ի եթերում ասել է Սալիվանը։

Երեքշաբթի Վիլնյուսում մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում դաշինքի անդամ երկրները հաստատել են Ուկրաինային բազմամյա աջակցության փաթեթը, որը ներառում է ՆԱՏՕ-ի հետ համատեղելիության հասնելու հարցում օգնության պլանը, ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի ստեղծումը եւ անդամակցության գործողությունների ծրագրի կատարման պայմանի վերացումը, ինչը երկու փուլից կկրճատի անդամակցության գործընթացը մինչեւ մեկ փուլ: Զելենսկին որոշումների հրապարակումից հետո անհեթեթ է անվանել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հրավերի եւ անդամակցության ժամկետների բացակայությունը: Նրա խոսքով՝ դա նման է Կիեւին դաշինք հրավիրելու պատրաստակամության բացակայությանը։