Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը եւ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են ավելի հաճախակի շփումներ պահպանել եւ երկկողմ համագործակցության խորհրդի նիստն անցկացնել այս աշնանը Սալոնիկում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի վարչակազմը։
«Կողմերը պայմանավորվել են բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հաջորդ նիստն անցկացնել աշնանը Սալոնիկում։ Նրանք իրենց արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են վերահսկել այդ գործընթացը եւ զեկուցել աշխատանքի ընթացքի մասին։ Էրդողանն ու Միցոտակիսն ընդգծել են բոլոր մակարդակներում ավելի հաճախակի շփումներ պահպանելու մտադրությունը՝ վստահության մթնոլորտ ձեւավորելու եւ թուրք-հունական հարաբերությունները բարելավող պայմաններ ստեղծելու նպատակով»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Երկու առաջնորդները նշել են հարաբերություններում դրական մթնոլորտը, որը համապատասխանում է երկու պետությունների շահերին։ Էրդողանն ու Միցոտակիսը պայմանավորվել են օգտագործել այդ դրական դինամիկան եւ առաջիկայում ակտիվացնել կապի մի քանի ուղիներ։
Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ հանդես է գալիս Հունաստանի հետ երկխոսության հաստատման օգտին վիճելի հարցերի լուծման համար, այդ թվում՝ տարածքային ջրերի սահմանների, Էգեյան ծովի օդային տարածքի եւ հունական կղզիների ապառազմականացման շուրջ:





























