ԱՄՆ գանձապետարանը պատժամիջոցներ է կիրառել Սերբիայի հետախուզության ղեկավար Ալեքսանդր Վուլինի նկատմամբ՝ նրան մեղադրելով զենքի անօրինական փոխանցումների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ, մինչդեռ նախագահ Ալեքսանդր Վուչիչը դա անվանել է Վուլինի ռուսամետ դիրքորոշման համար Վաշինգտոնի պատիժ, հաղորդում է Associated Press (AP) գործակալությունը։
«Ալեքսանդր Վուլինի նկատմամբ պատժամիջոցները չեն կիրառվել որևէ հանցագործության, կոռուպցիայի կամ որևէ այլ բանի համար։ Պատժամիջոցները սահմանվել են Ռուսաստանի Դաշնության նկատմամբ [Սերբիայի] դիրքորոշման պատճառով»,- ասել է Սերբիայի ղեկավարը։
Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն իր հերթին մեկնաբանել է, որ ԱՄՆ-ը «կշարունակի պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր առաջ են տանում իրենց քաղաքական օրակարգերը և անձնական շահը՝ ի հաշիվ Արևմտյան Բալկաններում խաղաղության և կայունության, ինչպես նաև Սերբիայում և տարածաշրջանում Ռուսաստանի չարագործական գործողությունների»:
Վուլինը նշանակվել է Սերբիայի Անվտանգության և տեղեկատվական գործակալության (BIA, երկրի ոչ ռազմական հետախուզական գործակալության) ղեկավար 2022 թվականի դեկտեմբերին՝ նախկինում ծառայելով որպես Ներքին գործերի և պաշտպանության նախարարության ղեկավար։ Սերբիայի արտաքին քաղաքականության մեջ Վուլինը հավատարիմ է ռուսամետ հայացքներին։ Օրինակ՝ ՆԳՆ ղեկավարի պաշտոնում Վուլինը պաշտոնական այցով եղել է Մոսկվայում 2022 թվականի օգոստոսին, որի ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին ասել է, որ «Սերբիան միակ պետությունն է Եվրոպայում, որը պատժամիջոցներ չի կիրառել և չի մասնակցել հակառուսական հիստերիային»։





























