ՆԱՏՕ-ի կայքում հայտնվել է Վիլնյուսում դաշինքի առաջնորդների գագաթաժողովի ամփոփիչ կոմյունիկեի տեքստը, որը բաղկացած է 90 կետից։
Ուկրաինայի համար ամենակարեւորից կետերից է այն, որ դաշինքը համաձայնել է հեռացնել Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագիրը, սակայն դեռեւս անդամակցության հրավեր չի տվել:
11-րդ կետում ասվում է, որ ՆԱՏՕ-ն վերահաստատում է 2008 թվականին Բուխարեստում կայացած գագաթաժողովում ստանձնած պարտավորությունն առ այն, որ Ուկրաինան կդառնա դաշինքի անդամ:
«Այսօր մենք ընդունում ենք, որ Ուկրաինայի ուղին դեպի եվրաատլանտյան ամբողջական ինտեգրում դուրս է եկել անդամակցության գործողությունների ծրագրից։ Ուկրաինան դառնում է ավելի օպերատիվ եւ քաղաքականապես ինտեգրված Հյուսիսատլանտյան դաշինքին եւ էական առաջընթաց է գրանցել բարեփոխումների ճանապարհին»,-ասվում է փաստաթղթում։
Այժմ ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարները կանոնավոր կերպով կգնահատեն Ուկրաինայի առաջընթացը՝ հարմարեցված տարեկան ազգային ծրագրի շրջանակներում:
«Մենք կկարողանանք Ուկրաինային Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հրավեր ուղարկել, երբ դաշնակիցները համաձայնեն եւ պայմանները կատարվեն»,-ասվում է փաստաթղթում:
12-րդ կետը հստակեցնում է, թե ինչպես է գործելու Ուկրաինա-ՆԱՏՕ նորաստեղծ խորհուրդը: Դրա մասնակիցները կլինեն իրավահավասար անդամներ եւ խնդիրներ կլուծեն դաշինքին Ուկրաինայի անդամակցության ճանապարհին, ասվում է փաստաթղթում։
5-րդ կետում ասվում է, որ Ռուսաստանն իրենից ներկայացնում է դաշնակիցների անվտանգության, ինչպես նաեւ եվրատլանտյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար առավել նշանակալի եւ անմիջական սպառնալիք: Նույն կետում նաեւ ասվում է, որ ահաբեկչությունն իր բոլոր ձեւերով եւ դրսեւորումներով անվտանգության ամենաուղղակի սպառնալիքն է։
7-րդ կետում ասվում է, որ Ռուսաստանը լիակատար պատասխանատվություն է կրում Ուկրաինայի դեմ անօրինական, ոչնչով չարդարացված եւ չհրահրված ագրեսիվ պատերազմի համար։ Այնտեղ նաեւ հիշատակվում է Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցման մասին, ինչը, ինչպես նշել են ՆԱՏՕ-ում, ընդգծում է Ռուսաստանի կողմից սկսված պատերազմի դաժան հետեւանքները։
Դաշինքում հայտարարել են, որ Բելառուսը եւ Իրանը նույնպես պետք է դադարեցնեն իրենց օժանդակությունը Ռուսաստանին եւ վերադառնան միջազգային իրավունքի պահպանմանը (կետ 8): Առանձին Իրանի մասին ասվում է 84-րդ կետում. ՆԱՏՕ-ն կոչ է անում Իրանին դադարեցնել Ռուսաստանին անօդաչուներ հանձնելը, որոնք օգտագործվել են Ուկրաինայի խաղաղ բնակչության եւ կրիտիկական ենթակառուցվածքների դեմ: Իրանին նաեւ կոչ են անում դադարեցնել ծովային նավերի զավթումը։
«ՉԺՀ-ի հայտարարած հավակնություններն ու հարկադրանքի քաղաքականությունը մարտահրավեր են նետում մեր շահերին, անվտանգությանը եւ արժեքներին։ Մենք նախկինի պես բաց ենք ՉԺՀ-ի հետ կառուցողական փոխգործակցության համար, այդ թվում՝ փոխադարձ թափանցիկության ապահովման համար՝ Հյուսիսատլանտյան միության անվտանգության շահերը պաշտպանելու նպատակով»։
ՆԱՏՕ-ն կոչ է անում Չինաստանին դատապարտել Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ։
Մի շարք կետերում խոսվում է այն մասին, թե ինչպես են ՆԱՏՕ-ում ամրապնդում եւ հետագայում էլ ավելի ամրապնդելու հավաքական պաշտպանությունը բոլոր ուղղություններից եկող բոլոր սպառնալիքների դեմ։
Դաշինքի փաստաթղթում ասվում է, որ ՆԱՏՕ-ն հաստատում է աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը, պաշտպանում է Վրաստանի իրավունքը ինքնուրույն որոշելու իր ապագան եւ արտաքին քաղաքականության կուրսը՝ առանց արտաքին միջամտության: Դաշինքը կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել զորքերը Վրաստանից։ Նույն կոչը՝ ուղղված Ռուսաստանին, կա նաեւ Մոլդովայի մասին կոմյունիկեի կետում։





























