Թուրքիան նպատակադրված է խորհրդարանի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցման շվեդական արձանագրության վաղաժամ քննարկմանը, սակայն դա հոկտեմբերից շուտ տեղի չի ունենա։ Այս մասին հուլիսի 12–ին Վիլնյուսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, նրա խոսքով, խորհրդարանը, որը պետք է քննարկի դիմումը, այժմ փակ է։

Երբ այն բացվի, խոսնակն այդ փաստաթուղթը կմտցնի առաջնահերթ հարցերի օրակարգ, վստահ է Էրդողանը։ «Կա ճանապարհային քարտեզ, որը մեզ կտրամադրեն Շվեդիայի իշխանությունները: Դրանից հետո մենք այն կներկայացնենք խորհրդարան։ Հիմա մեր խորհրդարանը փակ է։ Երբ այն բացվի, ես վստահ եմ, որ խոսնակն այս փաստաթուղթը կդնի առաջնահերթ հարցերի օրակարգ»,- Էրդողանի խոսքը մեջբերում է ТАСС-ը։

Հուլիսի 10-ին Էրդողանը հայտարարել էր, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հնարավոր կդառնա այն բանից հետո, երբ Թուրքիան կընդունվի ԵՄ-ին։ Նույն օրն ավելի ուշ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասաց, որ Էրդողանը համաձայնել է «որքան հնարավոր է շուտ» Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը վավերացնելու համար  փաստաթղթեր ուղարկել Թուրքիայի խորհրդարան: