Նյու Յորքում սկսված բողոքի ակցիաներն` ընդդեմ բանկային համակարգի անարդարության, տարածվել են ողջ երկրով եւ ավելի ուժգնացել: Նախօրեին Լոս Անջելեսում ձերբակալվել են 11 ցուցարարներ, իսկ Վաշինգթոնում արդեն սկսել են գործել ցուցարարների երկու խմբեր:
Հինգշաբթի մոտ 500 ուսանողներ, արհմիությունների եւ այլ ակտիվիստներ երթ են իրականացրել Լոս Անջելեսում: Ոստիկանությունը ձերբակալել է 11 մարդու, որոնք նստել էին Bank of America-ի շքասրահում, հաղորդում է Courier Mail-ը:
Բողոքի երթեր են կայացել Ֆիլադելֆիայում, Սոլթ-Լեյք-Սիթիում, Ալյասկայում, հաղորդում է Associated Press-ը:
Ակտիվիստները պաստառներ են պահել` «Տարանջատեք փողերն ու քաղաքականությունը» եւ «Ես ինձ չեմ կարող թույլ տալ լոբբիստ ունենալ» գրառումներով:
Մյուս խումբը հանդես է գալիս «Գրավենք DC-ն (Վաշինգթոնը)» կարգախոսով: Մի քանի տասնյակ մարդ վրանային ավան են հիմնել Սպիտակ տան եւ Կապիտոլիումի միջեւ ընկած հրապարակում:
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե բողոքները անկարգությունների են հանգեցնում, սակայն ցուցարարներն ասել են, թե նման նպատակ չեն դրել իրենց առջեւ:
Նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, թե բողոքներն արտացոլում են ժողովրդի ցասումը:



























