Ռուսաստանը կարող է դադարեցնել մասնակցությունը հացահատիկի գործարքին, քանի դեռ համապատասխան հուշագրով նախատեսված բոլոր կետերը չեն կատարվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մեզ հիմա ասում են. «Դուք ևս մեկ անգամ կհամաձայնեք երկարաձգել գործարքը, և մենք դեռ կկատարենք ձեզ տված մեր խոստումները»: Մենք կմտածենք, թե ինչպես վարվենք, դեռ մի քանի օր կա... Մենք կարող ենք կասեցնել մեր մասնակցությունն այս գործարքին։ Եվ եթե բոլորը հերթական անգամ ասեն, որ մեզ տված բոլոր խոստումները կկատարվեն, դե թող կատարեն այս խոստումները։ Եվ մենք անմիջապես նորից կմիանանք այս գործարքին»,- ասել է Պուտինը Россия 24 հեռուստաալիքի եթերում լրագրողներին։
ՌԴ ղեկավարի խոսքով՝ այս պահին հացահատիկի գործարքի իրականացումը «միակողմանի խաղ է», քանի որ ռուսական կողմի շահերին առնչվող ոչ մի կետ դեռ չի կատարվել։
Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ ՄԱԿ-ը՝ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի գլխավորությամբ, «անկեղծորեն ձգտում է» ապահովել, որ հացահատիկի համաձայնագրի շրջանակներում Ռուսաստանին տրված խոստումները կատարվեն, բայց նրանց մոտ «ոչինչ չի ստացվում», քանի որ արևմտյան երկրները չեն պատրաստվում իրականացնել իրենց վրա վերցված պարտավորությունները, հայտնում էРИА Новости-ն։
Պատասխանելով լրագրողների ճշտող հարցին, թե որքան ժամանակ է պատրաստ Մոսկվան սպասել, եթե հացահատիկի գործարքի ժամկետը լրանում է հուլիսի 17-ին, ՌԴ ղեկավարն ասել է. «Այնքան, որքան ժամանակ պահանջվում է մեր նկատմամբ տրված պարտավորությունները, մեզ տրված խոստումները կատարելու համար»։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտին հաջորդած մամուլի ասուլիսում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ ջանքեր է գործադրում երկարաձգելու հացահատիկի գործարքը, որի ժամկետը լրանում է հուլիսի 17-ին։ Ավելի վաղ նա ընդգծել էր, որ ակնկալում է առնվազն երեք ամիսը մեկ երկարացնել Սևծովյան նախաձեռնությունը, իսկ ընդհանուր առմամբ՝ երկու տարով երկարաձգել մեխանիզմը։
Իր հերթին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ հացահատիկի գործարքը երկարաձգելու նախադրյալներ չկան, քանի որ Ռուսաստանի հանդեպ պարտավորությունները չեն կատարվում։




























