Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկումները Հյուսիսային Կորեայի ինքնապաշտպանության իրավունքի իրականացումն են, որն ամրագրված է ՄԱԿ Կանոնադրությամբ։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է երկրի ՄԱԿ մշտական ներկայացուցիչ Կիմ Սոնը՝ ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում։

«Ինքնապաշտպանության իրականացումը յուրաքանչյուր ինքնիշխան պետության օրինական իրավունքն է։ Ոչ ոք չի կարող մերժել դա, քանի որ դա ընդունված է ՄԱԿ Կանոնադրությամբ եւ միջազգային իրավունքով։ Նոր տեսակի բալիստիկ հրթիռի մեր փորձնական արձակումը բացասական հետեւանքներ չի ունեցել հարեւան երկրների անվտանգության համար։ Ճապոնիան ինքն է հայտարարել, որ մեր հրթիռն ընկել է ճապոնական բացառիկ տնտեսական գոտուց դուրս։ Դա նշանակում է, որ Ճապոնիան խոստովանել է, որ իր անվտանգությանը ոչինչ չի սպառնացել։ Նոր տեսակի հրթիռի փորձարկումը ինքնապաշտպանության իրավունքի իրականացում է՝ թշնամական ուժերի վտանգավոր քայլերի զսպման եւ մեր պետության անվտանգության ու տարածաշրջանում խաղաղության ապահովման համար»,- ասել է դիվանագետը։

«Հերքում եւ դատապարտում ենք Միացյալ Նահանգների ու նրա հետեւորդների կողմից Անվտանգության խորհրդի նիստի գումարումը, ինչը նշանակում է ոտնձգություն Հյուսիսային Կորեայի ինքնապաշտպանության օրինական իրավունքի դեմ»,- ավելացրել է Կիմ Սոնը։ Նա ավելացրել է, որ «թափ են հավաքում ռազմական միտումները Կորեական թերակղզում։ Դրանք դուրս են գալիս միջուկային ճգնաժամի փուլ՝ առաջին անգամ սառը պատերազմի ժամանակներից ի վեր»։

Հյուսիսային Կորեան չորեքշաբթի փորձարկել էր «Հվանսոն-18» միջմայրցամաքային բալիստիկ հրիթռը։ Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության տվյալներով՝ արձակումը ղեկավարել է երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը։ Այն անցել է 1 001 կիլոմետր եւ ընկել Ճապոնական ծովը։ Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 6 648 կիլոմետր։ Այն օդում գտնվել է 74 րոպե, ինչը թռիչքի երկարատեւության ռեկորդ էր։