Թուրքիան առայժմ ընդամենը բացել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության ճանապարհը, բայց դեռ հավանություն չի տվել։ Այս մասին հինգշաբթի տեղեկացրել է Թուրքիայի կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը Habertürk հեռուստաալիքի եթերում։
«Թուրքիան ընդամենը բացել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության ճանապարհը, բայց դեռ «այո» չի ասել»,- ասել է նա։
Կուսակցության, որը գլխավորում է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ներկայացուցիչը տեղեկացրել է նաեւ, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը Թուրքիայի խորհրդարանը կդիտարկի աշնանային նստաշրջանում, որն սկսվելու է հոկտեմբերի 1-ին։ Այն կարող է հավանության արժանանալ հոկտեմբեր-նոյեմբերին։
Թուրքիան եւ Շվեդիան հուլիսի 10-ին Վիլնյուսում, ՆԱՏՕ գագաթաժողովի նախօրեին, կնքել են արձանագրություն, որի համաձայն՝ Ստոկհոլմը կդիմակայի Թուրքիայում ահաբեկչական հայտարարված կազմակերպություններին եւ կաջակցի ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացին։
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ 2022թ. մայիսին Շվեդիայի ներկայացրած հայտի հավանության արժանանալու հիմնական պայմանը պետք է դառնա ահաբեկչության դեմ պայքարի Մադրիդյան հուշագրի պարտավորությունների կատարումը։ Սակայն Վիլնյուս մեկնելուց առաջ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կաջակցի Շվեդիայի հայտին Եվրամիությանն Անկարայի անդամակցության պատնեշները հանելու դիմաց։





























