Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը ուրբաթ հայտարարել է երեք նախարարների հրաժարականի մասին։

«Հրաժարականի դիմում են տվել ՆԳՆ ղեկավար Աննա Ռեւենկոն, կրթության [եւ գիտության] ու ենթակառուցվածքի [եւ տարածքային կառավարման] նախարարներ Անատոլի Տոպալեն եւ Լիլյա Դաբիժան։ Վաղը ես երկրի նախագահի հաստատմանը կներկայացնեմ այդ պաշտոնների նոր թեկնածուներին»,- ասել է Ռեչանը ճեպազրույցում։ Նա շնորհակալություն է հայտնել հրաժարական տված նախարարներին իրենց աշխատանքի համար։

Տոպալեն եւ Ռեւենկոն Նատալյա Գավրիլիցայի ղեկավարած նախորդ կառավարության կազմում էին, որը ձեւավորվել էր 2021թ. օգոստոսին եւ հրաժարական տվել 2023թ. փետրվարին ընդդիմության զանգվածային հակակառավարական բողոքների ֆոնին։ Դաբիժան նախարար է դարձել նոր կառավարությունում, որը ձեւավորել է Ռեչանը։

Ավելի վաղ վարչապետը տեղեկացրել էր, որ ուրբաթ տեղի է ունենալու կառավարության նիստ Քիշնեւի օդանավակայանում ողբերգական իրադարձությունների առիթով, երբ գնդակահարվել էր երկու մարդ։ Մեկնաբանելով ընդդիմադիր կուսակցությունների եւ հանրության ներկայացուցիչների կոչերը ՆԳՆ, Մոլդովայի սահմանապահ ոստիկանության եւ ուժային երկու այլ կառույցների ղեկավարների հրաժարականի պահանջի մասին՝ Ռեչանն ընդգծել է, որ «կառավարությունը կպատրաստի հաշվետվություն օդանավակայանի դեպքերի մասին, ինչից հետո որոշումներ կընդունի, այդ թվում եւ կադրային»։