Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Պակ Չժինը Չինաստանին կոչ է արել «կառուցողական դեր» խաղալ Հյուսիսային Կորեայի սպառնալիքների զսպման գործում, այն բանից հետո, երբ այս շաբաթ Փհենյանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել, տեղեկացրել է Reuters-ը։
Հայտարարությունն արվել է չինացի դիվանագետ Վան Իի հետ Ջակարտայում Հարավարեւելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) նիստի շրջանակում անցկացված հանդիպման ընթացքում, որտեղ Պակը «վճռականորեն դատապարտել է» հրթիռի արձակումը։
Նախարարի խոսքով՝ Սեուլը եւ Պեկինը շահագրգռված են, որպեսզի Հյուսիսային Կորեան դադարեցնի սադրանքները եւ վերադառնա երկխոսության։
«Նախարար Պակը... ընդգծել է, որ չինական կողմի համար այժմ ավելի, քան երբեւէ, կարեւոր է կառուցողական դեր խաղալ Կորեական թերակղզում խաղաղության եւ կայունության ապահովման համար»,- նշվել է Հարավային Կորեայի ԱԳՆ հայտարարությունում։
ՄԱԿ Անվտանգության խորհրդում երկար տարիներ տարաձայնություններ կան Փհենյանի հանդեպ վերաբերմունքի հարցում։
Չինաստանը եւ Ռուսաստանը հայտարարում են, որ պատժամիջոցների խստացումը չի կարող թուլացնել լարվածությունը, իսկ Վաշինգտոնը Պեկինին եւ Մոսկվային մեղադրում է այն բանում, որ նրանք խրախուսում են Հյուսիսային Կորեային։
Հարավային Կորեայի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունները վատացել են այն բանից հետո, երբ անցած ամիս Չինաստանի դեսպանը զգուշացրել է Հարավային Կորեային, որ սխալ խաղադրույք չկատարի չին-ամերիկյան մրցակցությունում։
Ապրիլին Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլն արդեն զայրացրել էր Չինաստանին՝ հայտարարելով, որ Թայվանի հարցը պարզապես Չինաստանի եւ Թայվանի միջեւ հարց չէ, այլ «գլոբալ» խնդիր է։





























