Բեն Ուոլեսը, ըստ որոշ տվյալների, դիտարկում է կառավարությունից աշնանը հեռանալու հնարավորությունը՝ պաշտպանության նախարարի պաշտոնում չորս տարի աշխատելուց հետո։

The Times թերթի տվյալներով, Ուոլեսը, որը կարեւոր դեր է խաղացել Ուկրաինա ռուսական զորքերի մուտքին արձագանքելու գործում եւ Բորիս Ջոնսոնի մերձավոր զինակիցն է, դիտարկում է քաղաքականությունից լրիվ հեռանալու հնարավորությունը։

Նա նախկինի պես աջակցում է վարչապետ Ռիշի Սունակին եւ կառավարությանը, եւ նրա հեռանալը կապված չի լինի Պահպանողական կուսակցության ընթացիկ խնդիրների հետ, տեղեկացրել է թերթը։

PA Media տեղեկատվական գործակալության տվյալներով՝ Ուոլեսը դեռ վերջնական որոշում չի կայացրել։

Նա հետաքրքրվածություն է ցուցաբերել ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի պաշտոնով ավելի առաջ, քան հայտարարվել էր, որ կազմակերպության ներկա ղեկավար Յենս Սթոլտենբերգը եւս մեկ տարվա լիազորություն է ստացել։

Ավելի վաղ Ուոլեսը վրդովվել էր, որ Ուկրաինան երախտագիտություն չի հայտնել տեխնիկայի մատակարարումների համար։ Նրա կարծիքով՝ Զելենսկու գրասենյակը արեւմտյան երկրներին վերաբերվում է որպես Amazon-ի խանութի՝ մոռանալով այն մասին, որ օգնության համար ընդունված է «շնորհակալություն» ասել։