ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը վրիպել է՝ սխալմամբ կոչ անելով «կրճատել բնակչության թվաքանակը», որպեսզի ապահովվեն մաքուր օդ եւ խմելու ջուր, տեղեկացրել է Fox News-ը։
«Երբ մենք ներդրում ենք կատարում մաքուր էներգետիկայում, էլեկտրամեքենաներում եւ կրճատում ենք բնակչության թվաքանակը, մեր ավելի շատ երեխաներ կարող են մաքուր օդ շնչել եւ մաքուր ջուր խմել»,- ասել է Հարիսը՝ ելույթ ունենալով Բալթիմորի (Մերիլենդի նահանգ) Կոպինայի պետական համալսարանի լսարանի առջեւ։ Նրա ելույթը նվիրված էր գնաճի նվազման օրենքին։
Հարիսը, ըստ երեւույթին, ցանկացել էր ասել «աղտոտում» (pollution), այլ ոչ թե «բնակչություն» (population)։
Այս վրիպումը տեղի է ունեցել այն բանից մի քանի օր հետո, երբ Հարիսը փորձել էր բացատրել, թե ինչ է արհեստական բանականությունը՝ ելույթ ունենալով կլոր սեղանում, որին մասնակցում էին արհմիությունների ղեկավարները եւ քաղաքացիական իրավունքների պաշտպանները։
«Ես կարծում եմ, որ այդ հարցի առաջին մասը, որը պետք է ձեւակերպել, այն է, որ արհեստական բանականությունը դա մի ինքնատիպ մտահնար բան է,- ասել էր Հարիսը չորեքշաբթի օրվա միջոցառման ժամանակ։- Նախ՝ դա երկու տառ է։ Դրանք նշանակում են արհեստական բանականություն, բայց վերջնարդյունքում խոսքը մեքենայական ուսուցման մասին է»։
«Այսպիսով, մեքենան ուսուցանվում է, եւ հարցի մի մասն այստեղ այն է, թե ինչ տեղեկություն է ստանում մեքենան, որը հետո որոշում է, եւ մենք կարող ենք կանխատեսել, եթե մենք մտածում ենք այդ մասին, թե ինչ տեղեկություն է ստանում, որը հետո կդառնա որոշում եւ կարծիք, որոնք կարող են ընդունվել այդ գործընթացում»,- ավելացրել է նա։
Մեկ օր առաջ նրան ծաղրել էին այլ արտահայտությունների համար տրանսպորտի վերաբերյալ հարցում։
«Տրանսպորտի հարցն այն է, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան հասնել այնտեղ, որտեղ նրանց պետք է։ Դա այնքան պարզ է»,- ասել է նա։





























