Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը նախատեսում է կրճատել քաղծառայողների հաստիքը 3 հազարով եւ մտցնել անձնակազմի հավաքման ժամանակավոր մորատորիում, որպեսզի օգնի ֆինանսավորել զինծառայողների աշխատավարձերի բարձրացումը, տեղեկացրել է Sky News-ը։

Զինված ուժերի նախարար Ջեյմս Հիփին ուրբաթ լրագրողներին ասել է ժամանակավոր դադարի մասին քաղծառայողների ընդգրկման հարցում՝ մանրամասներ նշելով աշխատավարձի համաձայնագրի մասին։

Աղբյուրները Sky News-ին ասել են ՊՆ բյուջեի 5 տոկոսանոց կրճատման պլանի մասին, որը նախատեսում է 2-3 հազար մարդկանց կրճատում։ Կրճատումը տեղի է ունենալու ոչ թե ի հաշիվ աշխատանքից ազատումների, այլ բնական նվազման, երբ որոշ պաշտոններ չեն լրացվի։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ քաղաքացիական անձնակազմի ընդհանուր թվաքանակը պաշտպանական արդյունաբերությունում կազմում է 60 հազար մարդուց մի փոքր ավելի։

Այս շաբաթ կառավարությունը տեղեկացրել է, որ պետական սեկտորում զինծառայողների աշխատավարձերի բարձրացման շրջանակում 5 տոկոսով կբարձրացվի հիմնական աշխատավարձը, ինչպես նաեւ կվճարվի լրացուցիչ գումար՝ 1 000 ֆունտ սթեռլինգի չափով։

Սակայն վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է, որ առանձին գերատեսչություններ ստիպված կլինեն միջոցներ վերցնել իրենց բյուջեներից՝ այդ բարձրացումը ծածկելու համար։