Շաբաթ օրը Իտալիայում հարյուրավոր ավիաչվերթներ են չեղարկվել, ինչը ստիպել է ճամփորդողներին զբոսաշրջային թեժ սեզոնին այլընտրանքային ուղիներ որոնել. ավիափոխադրողների արհմիությունները հայտարարել են նախատեսված գործադուլի մասին երկաթուղայինների գործադուլից երկու օր անց, տեղեկացրել է The Associated Press-ը։

Ամռանն Իտալիայում հաճախ տրանսպորտային գործադուլներ են լինում, որոնց հետեւանքով դժվար վիճակում են հայտնվում ինչպես ուղեւորները, այնպես էլ զբոսաշրջիկները, քանի որ արհմիությունները պահանջում են բարելավել աշխատանքի եւ պայմանագրերի պայմանները։ Այս տարի գործադուլները տեղի են ունենում քովիդի համավարակով պայմանավորված երկամյա անկումից հետո սկսված տուրիստական բումի ֆոնին։

ITA ազգային ավիափոխադրողը տեղեկացրել է, որ չեղարկել է 133 չվերթ, որոնց մեծ մասը՝ ներքին, բայց մի քանիսը եվրոպական ուղղություններով են՝ Մադրիդ, Ամստերդամ եւ Բարսելոնա։ Ryanair եւ Vueling ավիաընկերությունները չեղարկել են տասնյակ այլ չվերթներ գործադուլի պատճառով։ Գործադուլ են անում օդաչուները, ուղեկցորդուհիները, բեռները տեղավորողները եւ օդանավակայանի անձնակազմը։

Նեապոլի օդանավակայանի կայքում առավոյան ժամը 10-ից չեղարկվել են տասնյակ չվերթներ։

Filt Cgil, Uiltrasporti եւ Ugl Trasporto արհմիությունները հայտարարել են, որ գործադուլ են սկսել Malta Air ավիաընկերության (որը չվերթներ է կատարում  Ryanair-ով) հետ կնքած պայմանագրի հարցում ունեցած տարաձայնությունների պատճառով։ Ryanair-ն իր կայքում տեղադրել է հաղորդում, որով ներողություն է խնդրում չվերթների չեղարկման եւ գործադուլի հետ կապված այլ խափանումների համար, ինչը նրանց «վերահսկողությունից դուրս է»։