Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանությունը հուլիսի 14-ին ընդունելություն է կազմակերպել այդ երկրի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ։

 Ըստ դիվանագիտական ավանդույթի, նման ընդունելությունների ժամանակ ողջույնի խոսքով հանդես է գալիս օտարերկրյա պետության դեսպանը և շնորհավորանքի խոսքով՝ Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչը։

Սակայն այս անգամ ադրբեջանական կողմից ելույթ ունեցող չի եղել, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Ակնհայտ է, որ դա պայմանավորված է  երկկողմանի բարդ հարաբերություններով, ինչը կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև  դեռ չկարգավորված հակամարտության հարցում ֆրանսիական քաղաքական վերնախավի բացահայտ հայամետ դիրքորոշմամբ։

Բաքվում առանձնապես վրդովմունք է առաջացրել վերջերս Մարսելի հայ համայնքի հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի արած հայտարարությունը, որում նա հայտնել  է «Արցախի հարցում Ֆրանսիայի վճռականության մասին»»,- նշվում է հաղորդման մեջ։