Որոշ միջազգային ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ Անկարան համաձայնել է հավանություն տալ Շվեդիայի ընդունմանը ՆԱՏՕ-ում Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) 11-13 մլրդ դոլար վարկի դիմաց, սպեկուլյացիա է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջեւդեթ Յըլմազը թուրքական TRT Haber-ին տված հարցազրույցում։
«2013 թվականին պարոն նախագահը վերջ դրեց ԱՄՀ-ի հետ հարաբերություններին ԱԶԿ-ի (Արդարություն եւ զարգացում կուսակցություն) կառավարման շրջանում՝ այն ժամանակ իսկապես ուժեղ կամք դրսեւորելով եւ այդ իմաստով մարելով բոլոր պարտքերը։ Այդ ժամանակից ի վեր Թուրքիան արդեն 10 տարի առանց ԱՄՀ-ի եւ հաջողությամբ կառավարել է իր տնտեսական գործընթացները շատ բարդ ժամանակաշրջանում: Եվ Թուրքիան շարունակելու է դա անել նաեւ հետագայում»,-ասել է նա։
Այն մասին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիային ԱՄՀ վարկ է խոստացել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտին հավանություն տալու համար, մասնավորապես, հուլիսի 14-ին գրել է թուրքական Yenicag առցանց պարբերականը՝ նշելով, որ այդ մասին պատմել է ամերիկացի հետաքննող լրագրող Սեյմուր Հերշը։





























