F-16 տեսակի ամերիկյան արտադրության կործանիչներով վարժանքներ կատարելու նպատակով ուկրաինացի օդաչուների առաջին խումբը մինչև ամռան վերջ կմեկնի արտասահման: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարության խոսնակ Յուրի Իգնատը:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի փոխանցմամբ՝ օդաչուների ուսուցումը կսկսվի առաջիկա շաբաթների ընթացքում:

Օդաչուների մյուս խմբերը կմասնակցեն հիմնական վարժություններին, դրանք ներառում են ուսուցում տարբեր ինքնաթիռներով, այդ թվում՝ կործանիչներով գործնական թռիչքների կատարմամբ:

Իգնատի փոխանցմամբ՝ ուսուցումը տեղի կունենա տարբեր երկրներում, քանի որ միայն մեկ երկրում հնարավոր չէ այդքան մեծ թվով օդաչուներ պատրաստել:

Վիլնյուսում ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովում Ուկրաինան և 11 գործընկեր երկրներ կնքել են F-16 կործանիչներով աշխատելու համար ուկրաինացի օդաչուների ուսուցում իրականացնելու համաձայնագիր: